Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
2025 ապրիլի 24-ի երեկոյան մեկնարկել է ֆրանսիայի Մարսել քաղաքի օրվա պահանջատիրկան երկրորդ երթը, որը սկիզբ առավ ծովեզրքին գտնվող Միքելանջելոյի Դավիթի արձանի կողքից. երթ դեպի Թուրքիայի հյուպատոսություն՝ վայր, որը դարձել է հայոց պահանջատիրության մշտական հասցեն։ Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF Sud) կողմից։
Քաղաքական ենթատեքստի նկատմամբ մտահոգություն
Ելույթներում շեշտվեց ինչպես Կովկասում, այնպես էլ Ֆրանսիայում նկատվող քաղաքական լարումների կապը. «Այսօր ադրբեջանական պետությունը փորձում է ապակայունացնել մեր երկիրը։ Նա ֆինանսավորում է, հրահրում և շահարկում է ֆրանսիական պառակտումները՝ ծովանցյա տարածքներում, Կորսիկայում, որպեսզի Ֆրանսիային ստիպի վճարել հայերին սատարելու համար։ Այդ բռնապետությունը այսօր փորձում է ներկայանալ որպես ապագաղութացման ձայն։
Կեղծիքը դարձել է ռազմավարություն, իսկ ճշմարտությունը ոտնահարվում է։ Դահիճները ներկայացվում են որպես գործընկերներ, իսկ դիմադրողները՝ որպես խանգարողներ, որոնց պետք է վերացնել։ Այսօր աշխարհը խելագարվում է, կողմնացույցները կորցրել են ուղղությունը։
Այսօր նեոնացական խմբավորման նախկին անդամ Ֆիլիպ Վարդոնը ընդունվում է Իսրայելում որպես պատվավոր հյուրը։ Մինչ այդ՝ հակաֆաշիստները ներկայացվում են որպես սպառնալիք։ Ֆաշիստական ողջույնի բարձրացրած ձեռքը դարձել է լոկ ֆոլկլոր, մինչդեռ բռունցքը՝ վտանգ։
Հրկիզողներն այսօր ներկայացվում են որպես հրշեջներ, իսկ նրանք, ովքեր կրակն են մատնանշում, դառնում են մեղադրյալ։ Միևնույն ժամանակ, պատմությունը վերագրավվում է. Արցախի հայկական եկեղեցիները հանկարծ վերանվանվում են Կովկասի ալբանական եկեղեցիներ։
Հողի գողությունը բավարար չէր, պետք է հիմա գողանան քարը, երգը, աղոթքը։ Այո՛, պետք է նորից ծանրացնել բառի կշիռը։ Այո՛, պետք է ուղղել ճշմարտությունը։
Եվ դա այն է, ինչ անում ենք մենք՝ Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, բոլոր Հայաստանի և հայ ժողովրդի համար պայքարող կազմակերպությունների հետ միասին։ Այս աշխարհում, ուր կողմնացույցներ չկան, հայկական սփյուռքի միասնությունը ընտրություն չէ, այլ՝ գոյության պայման։ Այսօր, երբ Հայաստանը պատրաստվում է փխրուն խաղաղության Ադրբեջանի հետ, Բաքուն ամեն օր նոր պահանջ է ավելացնում՝ առավել նվաստացուցիչ, առավել անարդար, առավել անհանդուրժելի։
Սա խաղաղություն չէ։ Սա շանտաժ է, դադար՝ բռնապետի օրակարգում, կեղծ հույս, պատրանք։ Մենք Հայաստանի համար պահանջում ենք ընդամենը մի բան՝ լույս։ Իրական լույս, որը ճշմարտության, արժանապատվության և արդարության լույսն է» — հայտարարեց Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ազատ Բալալաս-Կազանջյանը։
Վկաներով մարմնավորվող հիշողություն
Երեկոյի ընթացքում հուզիչ հիշատակում եղավ Մարսելում մինչ վերջերս ապրող Հայոց ցեղասպանության վերջին վերապրածի՝ Օֆսանա Գալուստյանի մասին։ «Նա վերջին վկան էր։ Նրա աչքերում կարդացվում էր այն ամբողջ ցավը, որը նա կրել էր»:
Միջոցառմանը ներկա էին մի շարք հասարակական ու մշակութային գործիչներ։
Հիշողության փոխանցման առանցքում՝ սերնդափոխությունը
110-րդ տարելիցի համատեքստում կարևորվեց սերնդային փոխանցման գաղափարը։ «Այս է ջահը, որ կրում են մեր երեխաները։ Նրանք են պայքարի նոր վկաները, պայքար, որը դեռ ավարտված չէ», — նշվեց ելույթներից մեկում։ Բազմիցս ընդգծվեց՝ ապրիլի 24-ը պետք է հիշվի տարվա բոլոր օրերին։ «Այսօր այլևս չենք կարող ասել՝ չգիտեինք։»
Խոր լռությամբ եզրափակում՝ հավերժական կրակի մոտ
Քայլերթից և հանրահավաքից հետո մասնակիցները հավաքվեցին Սուրբ Թարգմանչաց հայկական առաքելական տաճարում՝ Պրադոյի եկեղեցում, որտեղ նաև գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հավերժական կրակը։ Խոր լռությամբ և աղոթքով ուղեկցված այս պահը դարձավ խորհրդանշական եզրափակում մի օրվա, որի ուղերձը մեկն էր՝ պայքար դեպի հաղթանակ, ի հիշատակ ցեղասպանության զոհերի և հանուն նոր սերունդների։
Մարիամ Խաթլամաջյան
Ֆրանսիա, Yerkir.am-ի համար