կարևոր
598 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-18 14:13
Քաղաքական Հասարակություն

Դովեղի կիսակառույց դպրոցն ու իշխանության ստերը դպրոցաշինության մասին․ Գառնիկ Դանիելյան

Դովեղի կիսակառույց դպրոցն ու իշխանության ստերը դպրոցաշինության մասին․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Օրերս Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում էի, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Դովեղցիները մտահոգված են նոր կառուցվող դպրոցի հարցով։

2024 թվականի մայիսից դպրոցի շինարարությունը դադարեցվել է, մինչդեռ, նույն թվականին պետք է ավարտվեր շինարարությունը։

Ի դեպ, նույն խնդիրն առկա է նաև Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում կառուցվող միջնակարգ դպրոցի պարագայում, որտեղ ևս վաղուց ավարտված պետք է լինեին շինարարական աշխատանքները։

Նշենք, որ երկու գյուղերի դպրոցների շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։

2020թ նոյեմբերի 26-ին կնքվել է Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոդուլային դպրոցի կառուցման պայմանագիրը, իսկ շինարարության մեկնարկը տրվել 2022-ի դեկտեմբերին։

Շինարարության ընթացքում կնքվել է համաձայնագիր և պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ ի հայտ են եկել գրունտային նոր պայմաններ և հենապատի կառուցման անհրաժեշտություն։

2024 թվականի փետրվարին շինարարական ընկերության կողմից համաձայնագիր կնքելուց և հենապատի կառուցման շինաշխատանքների մեկնարկից հետո նույն թվականի մայիս ամսին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կասեցվել են դպրոցի և հենապատի շինաշխատանքները՝ պարզաբանելով, որ վարչապետի հանձնառությամբ իրենք պետք է վերանայեն նախագիծն ու հնարավոր է՝ նոր լուծումներ տան։

Սակայն, մեր տեղեկություններով, մինչ օրս նախագիծը չի տրամադրվել շինարարին, թեև, նախագծողը վաղուց այն հանձնել է քաղաքաշինության կոմիտեին։

Այցելելով Դովեղի դպրոցի շինհրապարակ՝ պարզեցի, որ փլուզված է նաև գյուղի սահմանամերձ գլխավոր ճանապարհը։ Այս խնդրի կապակցությամբ ևս շինարակական ընկերությունը դիմել էր քաղաքաշինության կոմիտեին՝ ահազանգելով, որ փլուզման վտանգ կա։

Որքանով ինձ հայտնի է, այդպես էլ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից որևէ կերպ չեն արձագանքել շինարարական ընկերության գրավոր դիմումներին։

Մինչդեռ, ամեն րոպե այդ ճանապարհը կարող է փլուզվել՝ 0-ի հավասարեցնելով մինչ օրս կատարված աշխատանքները։

Ստացվում է, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ այս իշխանությունները տապալում են նաև դպրոցաշինության ծրագրերը։

Սա միայն Դովեղի դպրոցի հարցը չէ․ նույն իրավիճակն է ՀՀ մյուս մարզերում և համայնքներում։

Արհեստական խոչընդոտների պատճառով տարիներով ձգձգվում են դպրոցների կառուցման աշխատանքները՝ զրկելով երեխաներին արժանապատիվ պայմաններում ուսում ստանալու իրավունքից։

Նշենք, որ մինչ 2026թ. Կառավարությունը պիտի կառուցեր, վերակառուցեր և վերանորոգեր 300 դպրոց և 500 մանկապարտեզ, սակայն, մինչ օրս «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի միայն չնչին մասն է իրագործվել»։