Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» վարկային ծրագրի շրջանակում նախատեսված էր 46 սեյսմակայուն դպրոց կառուցել մինչեւ 2020 թվական։ ՀՀ կառավարությունը ծրագրի իրականացման համար համաձայնագիր էր կնքել Ասիական զարգացման բանկի հետ դեռեւս 2015 թվականին։ Սակայն, նախագծի իրականացման տեւողությունը, 5 տարվա փոխարեն դարձել է 11 տարի՝ երկարաձգվելով մինչեւ 2026 թվականը։
Երկարաձգման պատճառների, շահագործման հանձնված եւ շինարարության փուլում գտնվող դպրոցների, ինչպես նաեւ պատրաստ նախագծերի քանակի մասին Yerkir.am-ը՝ հարցում էր ուղարկել ՏԿԵ նախարարություն։ Նախարարությունը ծրագրի երկարաձգման պատճառները ամփոփել է երեք կետում, որոնք այնքան էլ տրամաբանական չեն՝
ա․ վարկային պայմանագրով սահմանված պահանջների համաձայն՝ ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր կառուցված դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն եւ ստանան վկայական՝ առ այն, որ դպրոցն ունի 9 բալ երկրաշարժի դիմացկունություն, որը եւ իրականացվում է։ Այս համատեքստում ի սկզբանե միջազգային փորձաքննության են ենթարկվել եւ ենթարկվում բոլոր դպրոցների նախագծերը։ Մինչ 2020 թվականի ավարտը ՀՀ-ում գործող սեյսմիկ նորմերի եւ ծրագրում ընդգրկված միջազգային փորձագետների պահանջներում առկա էր որոշակի խզվածք, եւ ի հայտ էին գալիս բազմաթիվ քննարկման ենթակա խնդիրներ։ Խնդիրների լուծումը, որը մի կողմից բավարարել է միջազգային փորձագետներին, իսկ մյուս կողմից չի հակասել տվյալ ժամանակահատվածում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվային փաստաթղթերի պահանջներին, տեւել է նախատեսվածից երկար։ Աշխատանքի տեմպերի վրա ազդել է նաեւ միջազգային փորձագետների պահանջների համատեքստում տեղական նախագծային կազմակերպությունների համեմատաբար թույլ կարողությունները։
բ․ Ծրագրի ընթացքի վրա զգալիորեն ազդել է նաեւ շահառու դպրոցների ցանկի որոշման գործընթացը՝ ծրագրի արդյունքային ցուցանիշների համատեքստում (շուրջ 20000 աշակերտների անվտանգ կրթական պայմանների ապահովում 46 դպրոցների կառուցման կամ ամրացման միջոցով)։ Մասնավորապես վերջին 26 դպրոցների ցանկը ՀՀ կառավարությունը հաստատել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին։
գ․ Ծրագրի իրականացման ընթացքի վրա բացասական ազդեցություն է ունեցել նաեւ COVID-19 համավարակը։
Նախարարությունը տեղեկացրել է, որ 13 դպրոց հանձնվել է լիարժեք շահագործման, իսկ մինչեւ տարեվերջ եւս 3-ը պատրաստ կլինեն։ Ներկա պահին 16 դպրոցում շինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ առաջիկայում կմեկնարկեն եւս 3 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնց կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփված են։ 1 դպրոցի կապալառուի ընտրության համար էլ մրցույթ է հայտարարված։ Ծրագրի շրջանակում ներկայումս ընթանում են 10 դպրոցների նախագծային աշխատանքներ, որոնք գտնվում են պատրաստվածության տարբեր մակարդակներում։ Նախարարության փոխանցմամբ՝ ծրագրի ժամկետի փոփոխություն ներկա պահին նախատեսված չէ եւ այն կավարտվի 2026-ին։