կարևոր
3037 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 18:18
Հասարակություն

Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում

Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Հաշվեքննիչ պալատի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի» հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը: Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Հաշվեքննության եզրակացությամբ խախտումներ են հայտնաբերվել նախագծերի մշակման և հեղինակային հսկողության ծառայություններ  մատուցելու համար 2017-2019 թվականների բոլոր պայմանագրերի կնքման և կատարման գործընթացում:

Հաշվեքննության ուսումնասիրության  ընթացքում պարզվել է, որ 300 փորձագետներ պայմանագրերը կնքելու պահին և դրանց կատարման ընթացքում համապատասխան ընկերությունների աշխատողներ չեն եղել և Տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացրել են կեղծ տեղեկություններ: Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, չստուգելով ընկերությունների կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը, այդ աշխատակիցների համար ընկերություններին վճարել են ընդհանուր  125 մլն 872 հազար 104  դրամ:

Հաշվեքննության եզրակացությամբ խախտում է արձանագրվել նաև տեխնիկական հսկողության պայմանագրերի կնքման և կատարման ընթացքում. փաստացի ծառայություններ չմատուցած որոշ փորձագետներ Հիմնադրամի կողմից ստացել են 10 մլն 809 հազար 130 դրամ: Իսկ Հիմնադրամի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միևնույն ծառայությունը մատուցելու նպատակով համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող ֆիզիկական անձանց հետ կնքել են պայմանագրեր և այդ եղանակով վատնելու միջոցով հափշտակել են իրենց վստահված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող 37 մլն 284 հազար 300 դրամը:

Ընդհանուր առմամբ, տարբեր դրվագներով պատճառված վնասը կազմել է 173 մլն 965 հազար 534 դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուղարկված հանցանքի մասին  հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավորին վստահված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է ծանր հետևանք),  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը):