Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Օրերս Yerkir.am լրատվականի հարթակներով տարածվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Երևանի Շինարարներ-Աբելյան փողոցի խաչմերուկում, որտեղ չկա տեսախցիկ, վարորդները զանգվածորեն խախտում երթևեկության կանոնները:
Տեսանյութի հղումը՝ ստորև.
Երևանի քաղաքապետարանին և ՆԳ նախարարությանն ուղղված գրավոր հարցումներով խնդրել էինք պարզաբանել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում նշված վայրում մշտապես կրկնվող օրինախախտումը վերացնելու համար:
Երևանի քաղաքապետարանը այսպես է պատասխանել.
«Կապված Շինարարներ-Աբելյան փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող միջոցառումների հարցի հետ, հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում նշված խաչմերուկը, որտեղ գործում է լուսացուցային կարգավորում և կահավորված է համապատասխան ճանապարհային նշաններով, անընդհատ ուսումնասիրվում է և վերջերս կատարվել է լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` տրանսպորտային միջոցների հոսքերը բարելավելու և ճանապարհային երթևեկության խախտումները նվազեցնելու նպատակով:
Միաժամանակ հայտնում եմ, որ երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կողմից»:
Ստորև ներկայացնում ենք նաև ՆԳ նախարարության գրավոր պատասխանը.
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների կողմից մշտապես իրականացվում են շրջայցեր թիրախային վայրերում, ինչպես նաև Երևան քաղաքի Շինարարներ և Աբելյան փողոցների հատման խաչմերուկում՝ հասարակական կարգի ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման նպատակով։ Ծառայողների կողմից վարչական իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում սահմանված կարգով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ և կայացվում համապատասխան որոշումներ:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված տեսանյութն ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանում՝ այն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում վարչական իրավախախտում թույլ տված վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Ներկայումս հնարավոր չէ ճանապարհի նշված հատվածում տեղադրել տեսանկարահանող սարք, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը պատկանող բոլոր տեսանկարահանող սարքերը գործարկված են։
Առաջիկայում՝ նոր տեսանկարահանող սարքեր ձեռք բերելուց հետո, խնդիրը լրացուցիչ կքննարկվի։ Մինչև տեսանկարահանող սարքեր տեղադրելու հնարավորություն ունենալը, Շինարարներ և Աբելյան փողոցների հատման խաչմերուկը կշարունակի մնալ Պարեկային ծառայության ուշադրության կենտրոնում»։
Փաստենք, որ նշված խաչմերուկում տեսանյութով մատնանշված խախտումները (դեպի ձախ չթույլատրվող երթևեկության իրականացում) կրկնվում են ամեն րոպե: Օրական մի քանի անգամ այդտեղով անցնող պարեկային ծառայության աշխատակիցները որևէ կերպ չեն կարողանա կանխել խախտումները, եթե կոնկրետ խաչմերուկի դիմաց չի իրականացվում պարեկային ծառայության շուրջօրյա հերթապահություն (բնականաբար, դա հնարավոր էլ չի):
Հետևաբար, խնդիրը կարող է լուծվել միայն տեսախցիկի տեղադրմամբ: Այլապես՝ կարգազանց և ճարպիկ վարորդները աջ գծից մշտապես կթեքվեն ձախ՝ չթույլատրվող ուղղությամբ, փակելով օրինավոր կարգով ձախ թեքվող մեքենաների ճանապարհն ու ստեղծելով վթարային իրավիճակ: