|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եթե տրամաբանորեն մոտենանք հարցին` պետք է ոչ միայն Միկոյանի, այլ նաև Լենինի արձանը տեղադրենք Երևանի հենց կենտրոնում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նրա կարծիքով` յուրաքանչյուր գաղափար պետք է հասցնել իր գագաթնակետին և նայել, թե որտեղ են հասնում արմատները: Բաբայանը հավաստիացնում է` Միկոյանն ընդամենը մի օղակն էր տիրող կարգերի, որը հիմնեց Լենինը, ուստի` ինչո՞ւ չտեղադրել հենց Լենինի արձանը:
«Ես ի սրտե շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին, որ նման միտք առաջ քաշեց, քանի որ հիմա եկել է մի սերունդ, որը չէր ճանաչում Միկոյանին, և քաղաքապետարանը, կարծես, լույս սփռեց մեր պատմության էջերին: Հիմա մարդիկ ազատ են` կողմնորոշվելու` իրենք այդ արժեքային համակարգի կողմնակի՞ց են, թե՞ չեն ընդունում այն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արձանի գեղագիտական տեսքին, ապա, ըստ Բաբայանի, ճաշակին ընկեր չկա:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, կարծես, Բաբայանի խոսքերը լուրջ էր ընդունել, ավելին` նա տեղեկացրեց, որ ժամանակին Ռուսաստանում հենց իրեն էին առաջարկել Միկոյանի մահարձանը կերտել:
«Ես ասել էի, որ պետք է մի քիչ սպասեք, իսկ նրանք մտածել էին` չեմ ուզում անել: Քանդակը ռուս քանդակագործները կերտեցին, ու հիմա, կարծեմ, հենց այդ նույն քանդակից են ուզում այստեղ տեղադրել: Ես դեմ եմ Բաբայանի կարծիքին, Միկոյանի մասին չի կարելի ասել, որ նա սրիկա է եղել, նա հանճարեղ մարդ է եղել: Գիտե՞ք` յուրաքանչյուր մարդ էլ ունի երկու կողմ` լուսավոր և ստվերոտ, հիմա բոլորը միայն նրա ստվերոտ կողմերի մասին են խոսում»,- ասաց Առաքելյանը:
Ըստ նրա` ոչ ոք չի ապացուցել, որ հենց Միկոյանն է ստորագրել բազմաթիվ մարդկանց գնդակահարելու հրամանը, բայց բոլորը խոսում են այդ մասին: Առաքելյանը պնդում է` Միկոյանը ֆանտաստիկ խելքի տեր մարդ է եղել, և ռեպրեսիան, որը կապում են նրա անվան հետ, նա չի արել:
«Ես չէի ուզի Լենինի արձանը լիներ, բայց Միկոյանին այսպես սևացնել էլ պետք չէ: Բոլոր ժամանակներն էլ տվել են սրիկաներ: Ինչ է, եթե Տիգրան Մեծի արձանը դնենք, չէի՞ն քննադատելու: Ուղղակի մեզ մոտ ընդունված է քննադատել ամեն ինչ: Ասում են` ի՞նչ է արել Միկոյանը հայերի համար, դե, այդ դեպքում ասեք խնդրեմ` ի՞նչ է արել մեր ազգի համար Իսակովը, մարշալ Բաբաջանյանը, նրանք սովետական բանակի համար են արել, ինչ էլ որ արել են»,- ասաց Առաքելյանը:
Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ եթե հարցին այդ կողմից մոտենանք, որ յուրաքանչյուրն էլ մութ ու լույս կողմեր ունի, ապա Ադոլֆ Հիտլերն էլ բազմաթիվ դրական կողմեր ուներ` չէր խմում, կին ուներ և սիրուհիներ չէր պահում: «Մենք պատասխանատվության զգացումն ենք հանում մեր վրայից, ասում ենք` դե, նրա տեղն ով էլ լիներ, կաներ: Միկոյանն ո՞ւմ է հարցրել իր գործողություններում, որ նրա արձանը տեղադրելիս ժողովրդի կարծիքը հաշվի առնեն: Բազմաթիվ պատճառներ կան` ստորությունն ու սրիկայությունը արդարացնելու համար, բայց մի պատճառ չի արդարացնում այն՝ ես հայ եմ: Չկա սրիկայական ժամանակ, այլ` սրիկաների ժամանակ, որը ժամանակի խնդիրը չէ, այլ մեր ընտրությունը»,- ասաց նա: