կարևոր
3454 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 20:39
Աշխարհ

Սիրիայի նոր իշխանությունները գործողություն են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կա 70 զոհ

Սիրիայի նոր իշխանությունները գործողություն են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կա 70 զոհ

Սիրիայի նոր իշխանությունները լայնածավալ գործողություններ են սկսել տապալված նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների դեմ`  նախօրեին նրանց և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև արյունալի բախումներից հետո, որոնք, որոշ տվյալներով, ավելի քան 70 մարդու կյանք են խլել. 35 հոգի՝ անվտանգության ուժերից, 32-ը՝ Ասադի կողմնակիցներից  և 4-ը՝ տեղի բնակիչներից: Այս մասին գրում է dw.com-ը:

«Սիրիայի ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգների քաղաքներում, գյուղերում և լեռներում անվտանգությունը վերականգնելու գործողությունն ուղղված է Ասադի զինյալների և նրանց դեմ, որոնք աջակցում են այդ ուժերին», — SANA պետական ​​լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության պաշտոնյան:

Նա տեղի բնակիչներին հորդորել է «մնալ իրենց տներում»:

Պարետային ժամ է հայտարարվել Լաթաքիա նահանգում, որը համարվում է Ասադների տոհմի «հենակետը» և  որտեղ բնակվում է ալևիական համայնքի զգալի մասը, ինչպես նաև Տարտուսում և Հոմսում։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից և այլ նահանգներից լրացուցիչ ուժեր են ուղարկվել Լաթաքիա և Տարտուս։

Նախօրեին Լաթաքիայում բախումներ էին տեղի ունեցել Ասադի կողմնակիցների և նոր կառավարության անվտանգության ուժերի միջև։ AFP գործակալությունը, վկայակոչելով Լաթաքիայի անվտանգության ներկայացուցչին, հայտնել է, որ Ասադին աջակցող աշխարհազորայինների խմբերը լավ ծրագրված և կանխամտածված հարձակում են իրականացրե նոր իշխանությունների անվտանգության ուժերի դիրքերի և անցակետերի վրա։

Ըստ սիրիական թելեգրամյան ալիքների՝ Սիրիայում ահաբեկիչները սպանում են և խոշտանգում խաղաղ բնակիչներին՝ այդպիսով վրեժխնդիր լինելով  երեկ Ասադի կողմնակից ալևիների ձեռնարկած ապստամբելու փորձի համար: Լաթաքիայում Ասադի կողմնակից ալևիները ռուսական պաշտպանություն են պահանջում՝  խաղաղ բնակիչների դեմ իրականացված հարձակումների ֆոնին: