կարևոր
823 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-10 15:48
Աշխարհ

Սիրիայի անվտանգության ուժերը հետ են մղել Ասադի կողմնակիցների հարձակումը Դամասկոսում

Սիրիայի անվտանգության ուժերը հետ են մղել Ասադի կողմնակիցների հարձակումը Դամասկոսում

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը հետ են մղել հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հարձակումը Սիրիայի մայրաքաղաքի Մեզեի շրջանի մոտ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

«Ներքին անվտանգության վարչության (աշխատակիցները) հետ են մղել տապալված վարչակարգի մնացորդների հարձակումը Դամասկոսի Մեզեի շրջանի հսկիչ անցակետի վրա», - ասել է Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության կառույցներում հեռուստաալիքի աղբյուրը: 

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։ Մարտի 7-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ափամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին: Մարտի 8-ին Սիրիայի անցումային կառավարությունը լրացուցիչ բանակային ուժեր է ուղարկել ափամերձ շրջաններ՝ այնտեղ անվտանգությունը վերականգնելու և նախկին նախագահին աջակցող զինված անձանց կողմից դիմադրությունը ճնշելու համար: Մարտի 9-ին մի շարք շրջաններում բախումները վերսկսվել են։ 

Ըստ վերջին տվյալների՝ 1300-ից ավելի մարդ է մահացել, խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի թիվը հասել է 973-ի։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը կազմում է Սիրիայի բնակչության 12%-ը։