Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի հայրենակիցներ,
Պարենային անվտանգությունը պետական քաղաքականության կարևոր ուղղություն է: Սա հզոր աշխարհաքաղաքական գործոն է և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական գործընթացների կայունության ապահովման գլխավոր գործիք։
Պարենային անվտանգության ապահովման խնդիրը ամբողջական բնույթ է կրում, քանի որ այն պարունակում է ագրոարդյունաբերական և տնտեսական արդիականացման հիմնական ասպեկտները, գյուղատնտեսական և պարենային արտադրության փաստացի վիճակն ու զարգացման միտումները, ներքին պարենային շուկան, ներմուծումից կախվածության աստիճանը և Հայաստանի տարբեր մարզերի բնակչության վճարունակությունը:
Պարենային անվտանգությունը տնտեսական անվտանգության անփոխարինելի բաղադրիչն է, և դրանց երկակի կապը միանգամայն ակնհայտ է: Այն առանձնահատուկ տեղ է գրավում մարզերի զարգացման տնտեսական կայունության մեջ։ Ինչ վերաբերում է տնտեսական անվտանգության մաս կազմող այլ (տեղեկատվական, արտաքին տնտեսական, արտադրական և այլն) տեսակներին, ապա պարենային անվտանգությունը հիմնարար և առաջնային նշանակություն ունի։
Պարենային անվտանգության քաղաքականությունը պետք է դիտարկել որպես միջոցառումների համալիր՝ գյուղատնտեսական արտադրության ինտենսիվ զարգացման, արտադրանքի պահպանման և վերամշակման, արտաքին առևտրի, սննդի շուկայի կարգավորման և գյուղական բնակավայրերի սոցիալական զարգացման խնդիրների արդյունավետ լուծման համար:
Այն սահմանում է ագրոարդյունաբերական համալիրի և ազգային տնտեսության գործունեության առանձին տեսակների առաջնահերթությունները և աճի կետերը: Դրանից է կախված բիզնեսի, մարզերի և ընդհանուր առմամբ երկրի մրցունակությունը։ Եթե պետությունը չունի պարենային անվտանգություն, այն չի կարող լինել տնտեսապես կայուն և առաջանցիկ զարգացման հեռանկարներ ունենալ։
Ցավոք, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության ժամանակակից ագրոարդյունաբերական համալիրը լիովին չի ապահովում պարենային անվտանգությունը տնտեսության իր հատվածում, որը հիմնական կայունացնող դեր է խաղում ազգային տնտեսական համակարգում։ Ագրոարդյունաբերական համալիրի ներուժն ամբողջությամբ չի իրացվել, և պարենային անվտանգության վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Հայաստանը շարունակում է մեծապես կախված լինել գյուղատնտեսական և պարենային ապրանքների որոշ տեսակների ներմուծումից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում տնտեսական անվտանգության համար:
2021թվականին Շիրակի մարզում հաշվարված է եղել 90879 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ արդեն 2024թվականի ընթացքում հաշվառվել ՝ 67818 գլուխ կենդանի։
Տարբերությունը շուրջ 23000 գլուխ է։
Շիրակի մարզի ընդհանուր վարելահողերը կազմում են շուրջ 78 հազար հեկտար։
2024 թվականին մշակվել է ընդամենը 47711 հեկտար։
Ինչպես տեսնում ենք մարզում վերջին տարիներին լուրջ հետընթաց է արձանագրվել թե՛ անասնապահության և թե՛ հողագործության ոլորտներում։
Այս տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանի պարենային անվտանգությունը կհայտնվի լուրջ վտանգի տակ:
Նորից պետք է բարձրաձայնեմ․ Այսօր գյուղացին մնացել է միայնակ, իսկ կառավարությունը իբր փորձում է լուծել խնդիրները՝ իրական իրավիճակից կտրված։
Ներկայիս կառավարության անհեռանկար և չհաշվարկված քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում մեր հանրապետության պարենային անվտանգության համար:
Պետության անկախությունը, նրա ազգային ինքնիշխանությունը կախված են նաև պարենային անվտանգության ապահովումից ։