կարևոր
892 դիտում, 1 օր առաջ - 2025-01-05 15:44
Աշխարհ

Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն

Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն

Հունաստանի դատական ​​իշխանությունները հայտարարել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Հանըմ Ջավադովայի կալանավորման մասին, որն ակումբներում հանդես է եկել որպես դիջեյ և հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգականը (զարմուհին - խմբ.)։ Այս մասին հայտնում է Balkan Insight-ը։

Ջավադովան ձերբակալվել է դեկտեմբերի 30-ին Աթենքի մերձակայքում կազմակերպված երեկույթի ժամանակ, որտեղից ոստիկանությունը թմրանյութեր է առգրավել։

Հունական լրատվամիջոցների տվյալներով,  դիջեյը հերքել է մեղադրանքները։

«Ես չեմ կազմակերպել երեկույթը կամ հրավերներ ուղարկել... Բացի այդ, նրանք ինձ մոտ թմրանյութեր չեն հայտնաբերել», - ասել է նա:

Ընդհանուր առմամբ, հունական ոստիկանությունը երեկույթին մասնակցող տասը մարդու է ձերբակալել թմրանյութեր պահելու, ապօրինի շրջանառության և տարածման մեղադրանքով, այդ թվում՝ դիջեյին։

Ջավադովան, որը ելույթներ է ունեցել ամբողջ Եվրոպայի ակումբներում, արդեն հայտնվել էր սկանդալների կենտրոնում։

2021 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP), Transparency International-ի հետ համատեղ հետաքննության ընթացքում պարզել է որ Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը հետաքննվում են Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից՝ կասկածելի աղբյուրներից 13.9 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալու հաղորդումների պատճառով: