կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 20:30
Իրավական

31-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել զարմուհուն

31-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել զարմուհուն

Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն՝ իր քրոջ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

2015թ. հուլիսի 10-ին Երեւանի մի բնակչուհուց ստացվել էր գրավոր հաղորդում՝ եղբոր կողմից իր մանկահասակ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ։

Նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (12 տարեկանը չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը)։

Նախաքննության ընթացքում մանկահասակ աղջիկը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Նախնական տվյալներով՝ 2015թ. հուլիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հայերեն կարդալ-գրել չկարողանալու պատճառաբանությամբ մորեղբայրը երեխային կանչել է ննջասենյակ՝ օգնելու օգտվել համակարգչից: Տղամարդն աղջկան խնդրել է ինտերնետի միջոցով փնտրել մերկ աղջիկների նկարներ, ապա անառակաբարո գործողություններ կատարել զարմուհու նկատմամբ։

Հուլիսի 15-ին տղամարդը ձերբակալվել է եւ որպես կասկածյալ ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հուլիսի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունքներ: