Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց փոխգործակցության շնորհիվ իրավապահներն օրերս ապօրինի թմրամիջոց իրացնելու, պահելու և օգտագործելու դեպքեր բացահայտեցին:
Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ, Անդրանիկի փողոցից բերման էին ենթարկել 44, 48 և 53 տարեկան երեք տղամարդու` «Օպել» մակնիշի իրենց մեքենայով, որոնցից երկուսը` Երևանի, մեկը Գյումրի քաղաքի բնակիչ էր:
Գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ներարկիչ` հերոին տեսակի թմրամիջոցով: Մեքենայի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին նաև 6 փաթեթ սուբուտեքսի փոշի և երեք փաթեթ հերոին: Բերման ենթարկված երևանցիներից մեկը ոստիկաններին ներկայացրեց նաև մեթադոնի հեղուկով ապակե երկու տարա:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում բերման ենթարկված երրորդ տղամարդու տանը կատարված խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին չորս հաբ մեթադոն և «Կլոզապինե 100 մլ» գրառմամբ մեկ հոգեմետ հաբ:
Շարունակելով միջոցառումները՝ հունիսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները Սասունցի Դավթի փողոցից, ապօրինի թմարմիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արարատի մարզի 36-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով հերոին: Կասկածյալն իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից իրավապահներին ներկայացրեց փայլաթիթեղով փաթեթավորված 17 փաթեթ հերոին:
Հայտնաբերվածներն առգրավվել են: 36-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: