Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվա «Ես եմ ծեծել» ակցիան կուսակցության կողմից կազմակերպված չէր, ինքնաբուխ ակցիա էր, որին մասնակցեցին դաշնակցականներ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ակցիայի մասնակիցների ուղերձը հստակ էր՝ այն զգոնության կոչ էր իշխանություններին: Երկրում տևական ժամանակ, հետևողականորեն բռնության խոսք և քարոզ է հնչում, իսկ անպատժելիության և քաղաքական, իրավական գնահատականի բացակայության պայմաններում այն վերածվում է համապատասխան վարքագծի: Երկրում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի, անհանդուրժողականության, ագրեսիվ մերժումի վերաբերյալ Դաշնակցության գնահատականները բազմիցս են հնչել, և արձանագրել ենք, որ այսպիսի իրականության պատասխանատվությունը իշխանություններինն է: Իշխանությունը պետք է սովորի ընդդիմախոսներին լսել:
Մենք կողմ ենք օրենքի գերակայությանը, դատապարտում ենք բռնությունը և գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ բռնությունը դատապարտող այսօրվա հայտարարությունը: Բայց նաև հստակ արձանագրում ենք, որ բռնության և ատելության կոչեր հնչում են հենց իշխանության և նրանց հարող շրջանակների կողմից: Եթե անցած մեկ տարվա ընթացքում դրա դեմն առած լինեին, այսօր այս իրավիճակը չէինք ունենա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի այսօրվա հայտարարության տողատակին, թե մարդիկ, որոնք ազգային արժեքներից են խոսում, իշխանության մաս կազմելով` թալանել են երկիրը, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Դա անհասցե մեղադրանք է, և ես չեմ պատրաստվում դրան արձագանքել: Դաշնակցությունը երբեք թալանի մասնակից չի եղել: Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին եւ ազգային արժանապատվությանը, ապա ՀՅԴ-ն այն միշտ է պաշտպանել, շարունակելու է պաշտպանել եւ այդ ուղղությամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա»: