Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` երկիրը լքելուց հետո Սիրիայում անորոշությունն ավելի է խորացել: Մարդիկ սպասողական վիճակում են. չգիտեն՝ ի՞նչ է լինելու ապագայում. Yerkir.am-ի զրուցակիցը կրկին «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն է, ով, մեկնաբանելով իրավիճակը արդեն քաոսի և անորոշության պայմաններում, նկատեց՝ հայ համայանքը քայլեր է ձեռնարկում, որ հարմարվի ներկա դրությանը: Համայնքային ղեկավարներն աստիճանաբար ելքեր ու լուծումներ են փնտրում, որպեսզի հոգան ժողովրդի կարիքները:
«Մեր համայնքապետերը միմյանց հետ մշտապես կապի մեջ են, իրար հետ խորհրդակցելով փորձում են հայերիս անվտանգությունն ու կարիքները հոգալ: Այս փուլում, երբ ամեն ինչ օդում կախված է մնացել, մեզ մոտ ավելի շատ նյութական օժանդակության խնդիրն է առաջ եկել»,- ասաց Պողիկյանը:
Հարցին՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալու կապակցությամբ հայ համայանքում ի՞նչ կարծիքներ կան, Պողիկյանը պատասխանեց՝ հայ համայնքը տարբեր իշխանությունների հետ աշխատելու փորձ ունեցել է. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ հայ համայնքը պետության ու ժողովրդի կողքին կանգնած է մնում:
«Պետությունը մեզ համար կարևոր է: Ինչպիսի իշխանություն էլ, որ եղել է, հայ համայնքը մշտապես աշխատել է՝ հանուն այս պետության կայացմանը: Նույն տրամադրվածությունն է նաև հիմա: 40-50 տարի առաջ այլ իշխանություններ էին այստեղ, այդ ժամանակ ևս հայ հայամանքն այդ օրվա իշխանությունների հետ ակտիվ շփումների մեջ է եղել՝ հանուն Սիրիա պետության անսասան մնալուն» ,- շեշտեց նա:
Այժմ նոր շարժմամբ պայմանավորված՝ ժողովրդի մոտ որոշակի տրամադրվածություն կա, քանի որ սիրիացիներն իրենց կյանքում նորություններ ու փոփոխություններ են ուզում տեսնել: Պողիկյանի խոսքով՝ Սիրիայի ժողովուրդն ուզում է ավելի բարելավված երկիր ունենալ:
«Քանի որ նման խոստումներ կան, ժողովրդի մանվանդ այն շերտի մոտ, որոնք հույս ունեն, որ այս երկիրը ավելի լավ կառավարման համակարգի պիտի հասնի, նրանց մոտ մեծ ուրախություն է տիրում: Բայց նկատենք, որ հիմա անցումային փուլում ենք գտնվում, ինչ ասես, որ կարող է տեղի ունենալ» ,- ընդգծեց նա:
«Սկզբնական ժամանակաշրջանում պիտի սպասենք ու տեսնենք, թե ինչ կառավարություն կկազմվի, ինչպե՞ս պիտի աշխատեն դատական ու գործադիր համակարգերը: Դեռևս պատկերը մշուշոտ է, չենք կարող հստակ ասել՝ մեզ ինչ է սպասվում»,- ասաց Պողիկյանը:
Պողիկյանի խոսքով՝ ցնցումային այս ժամանականերում տնտեսական ճգնաժամի վտանգն առավել քան մոտ է: Խանութներում սննդի կամ մթերքների գները ժամ առ ժամ են բարձրանում: Արդեն 10 օր է, ինչ խանութները ժամանակ առ ժամանակ են բացվում, իսկ մարդիկ տներում փակված են, աշխատանքի չեն գնում, գումար չեն վաստակում:
Սիլվի Մուրադյան