կարևոր
817 դիտում, 18 ժամ առաջ - 2024-12-03 18:26
Հասարակություն

Հալեպի փողոցներում ահաբեկիչներն են շրջում, բայց նրանք մարդկանց վնասելու միտք չունեն. Պողիկյանը՝ Հալեպում տեղի ունեցողի մասին

Հալեպի փողոցներում ահաբեկիչներն են շրջում, բայց նրանք մարդկանց վնասելու միտք չունեն. Պողիկյանը՝ Հալեպում տեղի ունեցողի մասին

Պայթյունավտանգ իրավիճակին զուգահեռ այս պահին Հալեպում հանդարտ է: Yerkir.am-ի հետ զրույցում «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը պատմեց, որ երեկ ամբողջ օրը լարված է եղել: Այս ընթացքում մարդիկ հազվադեպ են դուրս գալիս տներից, դուրս գալու դեպքում էլ աշխատում են միանգամից վերադառնալ, որովհետև վտանգավոր է: Պողիկյանի խոսքով՝ փողոցներում աջ ու ձախ ահաբեկիչներն են շրջում, բայց նրանք մարդկանց վնասելու միտք չունեն: Մարդիկ հիմնականում տներում փակված են: Հալեպում կյանքը կանգ է առել:

«Մի քանի խանութներ կան, որ մի քանի ժամով բացվում ու փակվում են: Տնտեսական ճգնաժամ առայժմ չկա, բայց շատ հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ կամ աշխատատեղեր շարունակում են փակ մնալ: 5-օրյա դադարից հետո այսօր Հալեպի սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց»,- ասաց Պողիկյանն ու հավելեց՝ եկեղեցին ու հարևան կազմակերպությունները ոչինչ չեն խնայում, որ օգնեն տեղի հայերին: Հոգևոր հայրերը բոլորին զսպվածության կոչ են անում:

«Բախումներ կան, դրանց ձայները լսվում են, բայց մեր բնակավարերում դրանք լսելի չեն։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում հեռախոսակապի ընդհանուր խափանումներ են տեղի ունեցել, բայց այդպես էլ չենք իմացել, թե դրանք ինչի՞ հետ են կապված: Ջրի, էլեկտրաէներգիայի և հացի հետ կապված խնդիրներն, ըստ էության, լուծվել են: Փռերը կարճ ժամանակով աշխատում են», - տեղեկացրեց Պողիկյանը:

«Այո՛, օրեր առաջ, դիպուկահարի կրակոցից, մեր հայրենակիցը զոհվեց Հալեպից դուրս գալու ճանապարհին: Սա կարևոր հանգամանք է, քանի որ ցավով պիտի ասեմ՝ Հալեպ մտնող ու դուրս եկող բոլոր ճանապարհներն էլ խիստ վտանգավոր են»,- ասաց Պողիկյանն ու շեշտեց, որ «Սիրիայի օգնության խաչի» ընկերաբժշկական կենտրոը վաղ առավոտից աշխատում են, որպեսզի կարիքի մեջ գտնվողներին համապատասխան օգնություն ցուցաբերեն:

Պողիկյանը մեծ մտավախություն ունի, որ մոտ օրերս արդեն տնտեսական ճգնաժամ կարող է սկսվել: Թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ապագայում, ի՞նչ զարգացումներ կլինեն Հալեպում, դժվարացավ պատասխանել:

«Հիմա մեր առաջ մի մեծ խնդիր կա, որ պիտի լուծենք: Պիտի գործադրվեն բոլոր քայլերը, որ երաշխավորվի հայ համայնքի անվտանգությունը: Եկեղեցին ու կազմակերպությունները կապվել են Դամասկոսի հյուպատոսության հետ, կապը պահում են բոլորի հետ», - եզրափակեց Պողիկյանը:

 

Սիլվի Մուրադյան