կարևոր
2026 դիտում, 18 ժամ առաջ - 2025-07-30 14:40
Հասարակություն

Իշխանությունը Եկեղեցուն մեղադրում է աղանդավորական խոսույթով, կարծես՝ սինխրոն աշխատեն․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

«Հրայր Սարկավագի ազատարձակումն իրապես ուրախացրեց ամենքիս, բայց այս ուրախությունը կիսատ է, որովհետև մեր հոգևոր հայրերը, մեր շատ սիրելի սրբազանները դեռևս գտնվում են անազատության մեջ, նաև նրանց համախոհները, նաև Սամվել Կարապետյանը, ով համարձակորեն կանգնեց և ի պաշտպանություն Եկեղեցու հայտարարություններ արեց և այդ իսկ պատճառով նորից հայտնվեց ճաղերի ետևում։ Չցանկանալով խորանալ առայժմ և մեկնաբանել այս իրավիճակը կամ դրա սխալ կամ ճիշտ լինելը, միայն կփորձեմ իմ անձնական փորձառությունից որոշ օրինակներ բերել, որոնք բավարար են վկայելու, որ այդ մարդիկ իրապես հայրենասեր են և,վստահաբար, չէին կարող ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք վնաս կբերեին մեր երկրին կամ պետականությանը»,-այաս մասին Yerkir.am-ի տաղավարում ասաց Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։

«Օրինակ՝ Հրայր Սարկավագի հետ երկար ճանապարհ եմ անցել գնդերեց ժամանակ, երբ ծառայում էի Արցախում, նա էլ գնդերեց էր Խոջալուի տանկային զորամասում և բավականին մեծ սեր ու հարգանք էր վայելում, երբ ավարտեց իր ծառայությունը, արդեն ապրիլյան պատերազմի ժամանակ , նա այլևս գնդերեց չէր, սակայն կամավոր կերպով եկավ Արցախ և միացավ մեր տղաներին, եղավ տարբեր տեղերում, նույնը նաև 2020 թվականին, էլի կամավորաբար գտնվում էր Հայաստանում, բայց եկավ Արցախ ու եղավ տարբեր տեղերում, կատարեց հոգևոր ծառայություն, լրիվ կամավոր հիմունքներով, բազմաթիվ անգամ վտանգեց նաև իր կյանքը և վստահ եմ, որ ինքը բնականաբար չէր գնա այնպիսի քայլերի, որոնք կլինեին մեր պետականության դեմ, կամ վնաս կլինեին մեր ազգային իղձերին կամ նպատակներին։ Այս առումով ինչ-որ տեղ հիմա ուրախ ենք, որ նա ազատության մեջ է, բայց տխուր ենք, որ այսպիսի մարդիկ ենթարկվում են հետապնդման։ Առանց ուսումնասիրելու նրանց անձնական որակներն ու անցած ճանապարհըին և հենվելով ինչ-ինչ  չապացուցված փաստերի վրա մարդկանց փորձել լռեցնել, այս գործելաոճը ոչնչի չի կարող հանգեցնել։

Միքայել Սրբազանն իր հոգևոր ծառայությունը, որպես վանահայր, սկսել է նախքան Արցախյան պատերազմը, Գանձասարի առաջին վանահայրն էր։  Այդ թոհուբոհով անցնելով, նրա մեջ կերտվել է հայրենասեր ու հայրենանվեր հոգևորականի կերպարը, ինչին մենք ականատես եղանք, և, հուսով ենք, դեռևս նա իր որակները կծառայեցնի ի շահ մեր ազգի։ Նույնը Բագրատ Սրբազանին, երբ որ դեռևս ես Մատաղիսի գնդերեցն էի, ապրիլյան պատերազմի ժամանակ Բագրատ Սրբազանը օր առաջ եկավ այնտեղ, եղավ մեր զինվորների կողքին, նույնը նաև 2020 թվականին անձամբ տեսա նրանց նվիրումը։ Միքայել Սրբազանը ևս 2020 թվականին առաջիններից էր, ով Գյումրիից օգնություն կազմակերպեց և երկրորդ օրն արդեն Ստեփանակերտում էր այդ կրակոցների և ռմբակոծությունների տակ։  Ինձ համար իրենք միշտ  եղել են ներշնչման աղբյուր»,-ասաց մեր զրուցակիցը։

 Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի ժամանակ հնչեցված նրա մտքերից․

Անգամ Սուրբ Գիրքն է խոսում կեղծ խաղաղության վտանգների մասին

Ազգը երբ նվաստ պայմաններով խաղաղության է գնում, միևնույն է, պատերազմ է ստանում

Իշխանությունը Եկեղեցուն մեղադրում է աղանդավորական խոսույթով, կարծես՝ սինխրոն աշխատեն

Գեբելսը Հիտլերին խորհուրդ էր տալիս ներկայնալ որպես նախանձախնդիր քրիստոնյա, որպեսզի ենթարկեցներ Եկեղեցիներին, նույնը Փաշինյանն է անում

Եթե «Կանոնագիրք Հայոց»-ով շարժվենք, ինչպես Փաշինյանն է վերաշարադրում,  դատական իշխանությունը պետք է վերադարձվի Եկեղեցուն

Մանրամասն՝ տեսանյութում։