կարևոր
1600 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-19 17:55
Հասարակություն

ՀՀ իշխող ներկա քաղաքական ուժի բացառիկ «ազնվությունը»․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

ՀՀ իշխող ներկա քաղաքական ուժի բացառիկ «ազնվությունը»․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը գրում է․

«Մեր ժողովուրդն այսօր ապրում է դժվարին ու վտանգներով լեցուն օրեր։ Բայց ուրախ լինենք, որովհետև այլևս բաց են մեր աչքերը։ Իսկապե՛ս, երբեք ՀՀ իշխող ներկա քաղաքական ուժն ու իր «անզուգական» առաջնորդն այսքան «անկեղծ» չեն եղել հանրության հետ, որքան այսօր։ Որքա՜ն «ազնվորեն» են նրանք բացահայտում իրենց իրական էությունը, որքա՜ն լավ է ժողովուրդն այլևս տեսնում օդի մեջ սփռված ճղճիմ իրականությունը։ Որքա՜ն մեծ նվեր է Աստված մատուցում մեր ժողովրդին՝ ճշմարտության դեմ վերջապես բացելով մեր աչքերը։

Հետաքրքիր է, որ երբ սատանան Հուդային վերջնականապես իրենով արեց, դավաճանը հիվանդագին ոգևորության մեջ կատարեց մարդկության պատմության մեծագույն սրբապղծությունը, իսկ երբ հասկացավ իրականությունը... կախվեց։ Հուդան ինքնասպան եղավ, բայց իր ոգին ցայսօր շարունակում է թափառել ու հանգրվանել անզգամների և ուրացողների սրտերում, օգնում աճուրդի հանել անվաճառելին, պատերազմի արյան մեջ խեղդել 1000, 2000 կամ 5000 (որքան ուզեք) անմեղ մարդու, տնազրկել ու չքավորություն մատնել տասնյակ հազարավորների։

Բայց հավատացե՛ք, նրանք պարզորոշ զգում են, որ այլևս հատել են անհատելին...

Ուշադի՛ր կարդացեք, թե ի՛նչ է ասում Աստված այդօրինակ մոլորյալների մասին.

«Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են» (Երեմիա 6։15)։

ԻՍԿ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԵՐԸ ՄԻՇՏ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ»։