կարևոր
304 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 14:53
Աշխարհ

«Թնդանոթները Պարսից ծոցում». ԵՄ-ն Իրանին մեղադրել է կղզիները գրավելու մեջ

«Թնդանոթները Պարսից ծոցում». ԵՄ-ն Իրանին մեղադրել է կղզիները գրավելու մեջ
Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ ճգնաժամ է առաջացել Պարսից ծոցում երեք Աբու Մուսա, Մեծ Թունբ եւ Փոքր Թունբ կղզիների սեփականության իրավունքի պատճառով: Այս հարցը բարձրացվել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի հետ ԵՄ առաջին գագաթնաժողովի ավարտին, որտեղ ասվում էր, որ Իրանն «օկուպացրել է կղզիները»: Թեհրանը հանդես է եկել ԵՄ-ին դատապարտող հայտարարությամբ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ «չարամիտ «բաժանիր եւ տիրիր» դարաշրջանը վաղուց ավարտվել է»: Բայց միեւնույն ժամանակ նա վկայակոչել բրիտանական քարտեզները, որոնք կազմել է Մեծ Բրիտանիայի ռազմական նախարարությունը 1888 թ-ին, որոնցում կղզիները նշված են որպես Իրանի մաս եւ մեղադրել է ԱՄԷ-ին «ծովահենության մեջ»։ Իրավիճակը պարզաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Անմիջապես մատնանշենք կողմերի գործողությունների գլխավոր դրդապատճառը։ Երեք կղզիներից միայն Աբու Մուսան ունի քաղաքացիական բնակչություն՝ շուրջ 2000 մարդ: Բայց երեք կղզիները գտնվում են Հորմուզի նեղուցի մոտ, որը Պարսից ծոցի եւ բաց օվկիանոսի միջեւ կենսական ծովային անցուղի է, որի միջով անցնում է աշխարհի նավթի մոտ 20 տոկոսը եւ աշխարհի հեղուկացված բնական գազի մոտ 25 տոկոսը: Երկու կղզիները գտնվում են ծովի մակարդակից մոտ 1000 մետր բարձրության վրա: Երեք կղզիներից միակը, որը բնակեցված է քաղաքացիական անձերով, Աբու Մուսան համարվում է Իրանի պաշտպանության առաջին գիծը Հորմուզի նեղուցում։ Կղզիների հետ կապված իրավիճակը սրվեց 1992 թ-ին, երբ փլուզվեց Աբու Մուսայի շելֆում նավթի եկամուտների համատեղ արդյունահնման եւ բաշխման ժամանակավոր համաձայնագիրը։ Այդ ժամանակից ի վեր Իրանը սկսել է ամրապնդել իր ռազմական ներկայությունը կղզիներում, ինչը կտրուկ դժգոհություն է առաջացրել ԱՄԷ-ում, նշել է քաղաքագետը:

«Միաժամանակ սկսվեց նաեւ քարտեզագրությունների ճակատամարտը։ Այժմ Իրանն անդրադարձել է 136 տարի առաջ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա արտգործնախարար մարկիզ Սոլսբերիի հանձնարարությամբ կազմված քարտեզին: Այն թվագրված է 1888 թ-ի հուլիսի 27-ին եւ իրանցի շահ Նասեր ադ-Դին շահ Ղաջարին է նվիրել Մեծ Բրիտանիայի դեսպան Հենրի Դրամոնդ Վոլֆը։ Կա նաեւ 1892 թ-ին Հնդկաստանի փոխարքա եւ գեներալ նահանգապետ Ջորջ Քերզոնի «Պարսկաստանը եւ պարսկական հարցը» գիրքը։ Այս կապակցությամբ բրիտանական The Guardian թերթը գրում է․ դա «Անգլիայի՝ տարածաշրջանում երկարամյա գաղութային ներկայության արդյունք է, երբ իր դիրքերը պահպանելու նպատակով նա օգտագործել է» տարածքային վերաբաշխումների բարդ բանաձեւը»՝ ստեղծելով տարածաշրջանային ուժերի շահավետ հավասարակշռություն՝ ի հակակշիռ պարսկական եւ օսմանյան կայսրությունների։ Նրա ռազմավարական շահերը Պարսից ծոցի գոտում կապված էին, առաջին հերթին, այն բացառիկ նշանակության հետ, որը ձեռք էին բերում Եվրոպայից Հնդկաստան առեւտրային ուղիների վրա ընկած տարածաշրջանի իշխանությունները՝ հիմնականում արաբական»։

Առաջինն անգլիական ազդեցության ուղեծիր մտավ Մասկատի սուլթանությունը, որը գտնվում էր Ծոցի հենց մուտքին, իսկ շուտով հարեւան Օմանը, յանուհետեւ Բահրեյնը, որը գտնվում էր Սեֆյան Իրանի տիրապետության տակ։ 1820 թ-ի հունվարի 8-ին գեներալ-մայոր սըր Ուիլյամ Գրանտ Քեյրը եւ Շեյխ Շահբութը, ովքեր հանդես էին գալիս Ռաս Էլ-Խայմայի, Աբու Դաբիի, Դուբայի, Շարժայի, Աջմանի եւ Ումմ Էլ-Քուվեյթի կառավարիչների անունից, ստորագրեցին այսպես կոչված «խաղաղության գլխավոր պայմանագիրը»՝ սկիզբ դնելով անգլիական տիրապետութայն հաստատմանը Պարսից եւ Օմանի ծոցերի Արաբական իշխանությունների վրա եւ «բրիտանական պրոտեկտորատի գաղտնի ներդրումը Հյուսիսային Օմանի ափերին», որը կոչվում էր «ծովահենների ափ», իսկ հետագայում՝ «պայմանագրային Օման»: Նման պայմանագրերն ու համաձայնագրերը բազմաթիվ էին, եւ բացահայտ միջամտության քաղաքականւթյունը Հերաթի (1856-1857) շուրջ Մեծ Բրիտանիայի եւ Պարսկաստանի միջեւ վեճերի, սակարկությունների եւ ռազմական հակամարության առարկա էր, որից հետո Թեհրանը ստիպված եղավ հաշտվել բրիտանական ռազմածովային ուժերի մշտական ներկայության հետ ծոցի գոտում,- բացատրում է փորձագետը:

«Այդպես իրենց հետեւից բրիտանացիները թողեցին պատմական ունիվերսալ «աշխարհաքաղաքական թնդանոթը», որը կրակում է մինչ օրս՝ քաղաքական անկայունություն ստեղծելով ողջ Մերձավոր Արեւելքում», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի