Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նոյմբերի 9-ի ողբերգական օրվա մասին Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։
- Պարո՛ն Հովհաննիսյան, ողբերգական օրվա խորհրդին անդրադառնանք ոչ թե բազմիցս չարչրկված իրավաքաղաքական, այլ, այսպես ասած, խոհերի ու մտորումների տեսանկյունից: Եվ այսպես՝ ճակատագրական նոյեմբերի 9-ից անցել է 4 տարի. վերքերը ոչ միայն չեն սպիացել, այլև ավելի են խորացել: Նախ ի՞նչ զգացողություն էր Ձեր մոտ, երբ լսեցիք տխրահռչակ եռակողմ հայտարարության և շրջանները հանձնելու մասին: Այդ պահին ի՞նչ կարգավիճակում էիք պետական օղակներում, ֆիզիկապես որտե՞ղ էիք:
- Ես այդ ժամանակ պետական օղակներում չեմ եղել և գտնվում էի Ստեփանակերտից 2-3 կմ հեռավորության վրա։ Երբ ասացին, որ այդպիսի բան է տեղի ունեցել, շոկ ապրեցի, շատ վատ ու ծանր վիճակում էի, քանի որ բազմաթիվ հարազատներ և ընկերներ էի կորցրել, նաև մարդիկ, որոնց ես շատ լավ ճանաչում էի, գերի էին ընկել։ Ճիշտ է՝ փորձում էի պահել սառնասրտությունը, բայց, երբ կորցրել ես քո հայրենի բնակավայրը, և չկար Շուշին, և պետք է հայրենքիդ մի հատվածը հանձնեին, բնականաբար, շատ ծանր ապրումներ էր։ Մենք լսում էինք, որ Կարմիր շուկայի հատվածում դեռևս շարունակվում են մարտերը և զինադադարը անմիջապես չեղավ, շատ վատ զգացողություն էր, մեզ դավաճանված էինք զգում։
- 2020 թ. նոյմեբերի 9-ից մինչ 2023 թ. սեպտեմբեր ապրել և գործել եք Արցախում, հույսով, որ նորից կամբողջանա Արցախն ու կվերանկախանա: Սպասելի՞ էր Ձեր համար 2023-ի կտրուկ շրջադարձն ու Արցախի ամբողջական հանձնում- հայաթափումը:
- Այն, որ իրավիճակը գնալով վատթարանում էր, դա մեր աչքի առաջ էր տեղի ունենում, առաջին տագնապները հենց 2022 թ․ մարտին տեղի ունեցած Քարագլուխ-Փառուխի դեպքերն էին, որոնք այսպես ասած, առաջին ծիծեռնակներն էին, հետո 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի դեպքերը, նաև Սարիբաբա տեղանքում տեղի ունեցած իրադարձությունները, դրանից հետո Վանք գյուղի Նարեշտարի հատվածում ադրբեջանական զորքերի առաջ գալը, դրանք բոլորը նախանշաններ էին, որ լավ բան չի սպասվում, բայց, որ այսպես կտրուկ հանգուցալուծում կլիներ, անգամ վատ երազում չէինք կարող պատկերացնել, քանի որ բլոկադայի հովհարային անջատումների ժամանակ ինֆորմացիան շատ ավելի ուշ էր հասնում, տեղեկատվության պակասը անորոշությունը ավելացնում էր։ Սեպտեմբերին արդեն այդ տագնապը կար, և տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։
- Հայ ժողովրդի մի հատված կարծես չի ուզում խոսել Պրահայում Արցախը Ադրբեջանին հանձնած և հայության ցեղասպանության հիմքերը դրած ՀՀ իշխանության գործած մեղքերի մասին, և փորձում է մեղավորներ փնտրել այլուր: Ըստ ձեզ ինչի՞ց հասանք այս օրվան:
- Դա արդեն պետք է հայ ժողովուրդը մտածի, թե ինչ իշխանություն է ընտրել, և եթե դրանից դասեր չեն քաղում, էլ ի՞նչ կարող ենք ասել։ Եվ այսօր էլ վտանգը չի հեռացել, և այդ, իբր, խաղաղության խաչմերուկը, դա ուղղակի ժամանակ ձգելու համար է։ Մարդիկ չեն ճանաչում Ադրբեջանին, մարդիկ չգիտեն թուրքի հոգեբանությունը և չգիտեն թուրքական դավադրությունը, նենգությունն ու խորամանկությունը, մտածում են, որ շուտով լավ կլինի, բայց հստակ կարող եմ ասել, որ, եթե այսպես շարունակվի, ոչ մի բան էլ լավ չի լինի։ Այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առջև, անընդհատ և ամենուր մանիպուլացիա են անում, որ լավ է լինելու, բայց ոչինչ էլ լավ չի լինի։
- 2018-2020 թթ. եղել եք Արցախի Հանրապետության, մշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար, ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ Արցախի ամբողջական հանձնման օրերին գործուն մասնակցություն եք ունեցել Արցախի մշակութային արժեքները փրկելու նախաձեռնություններին: Պարզ է՝ շատ արժեքներ ու հուշարձաններ անհնար էր փրկել: Ըստ ձեզ՝ Ադրբեջանն այս անգամ մինչև վերջ կոչնչացնի՞ հայկական հետքը, ելնելով վրեժխնդրության մոլուցքից, թե՞, այնուամենայնիվ, միջազգային ճնշմամբ կամ ինչ-ինչ նկատառումներով որոշակի հատված կպահպանվի:
- Ադրբեջանը շերտավորված քաղաքականություն է վարում, այսինքն յուրացման, որոշ հուշարձանների իսլամացման քաղաքականություն, և ինչ քաղաքականություն էլ վարի, դա միջազգային կոնվենցիաների խախտում է, այսինքն, Ադրբեջանը անցել է բոլոր կարմիր գծերը։ Այսօր միջազգային հանրության վրա հույս չեմ դնում, որովհետև բազմաթիվ հուշարձաններ դեռևս 2021-2022 թվականներից, երբ Արցախի օկուպացված տարածքներում ոչնչացվում էին, և մշակութային ժառանգությունն էր վերացվում, նույն այդ կառույցները որևէ գործուն քայլ չեն ձեռնարկել, բացառությամբ մի քանի հայտարարությունների՝ մշակութային ժառանգությունները փրկելու ուղղությամբ։ Եվ այսօր էլ Ադրբեջանը դրանից օգտված էլի սանձարձակ է պահում իրեն, և ամեն ինչ անում է, որ հայկական հետքը, հայկական ինքնություն խորհրդանշող հուշարձանները ոչնչացվեն։ Երբ բացում ենք Ադրբեջանի մշակութային կայքէջը, ապա արդեն իսկ առաջին էջից պարզ է դառնում, թե ինչպիսի քաղաքականություն են վարում. ոչ միայն ոչնչացնում և արմատախիլ են անում մեր ժառանգությունը, այլ նաև սկսել են գյուղերի իսլամացման գործընթացը, օրինակ «Գուգլ» ծրագրով բացում ենք, և գյուղերի սովորական մարդկանց տեների վրա դրված է մզկիթի նշանը։ Նաև իրականացնում են բնակավայրերի իսպառ ոչնչացում, հատկապես Քարինտակը ամբողջովին հողին է հավասարեցված։ Ադրբեջանը շարունակելու է այս քաղաքականությունը, եթե ձեռքը բռնող չլինի, և, ինչպես տեսնում ենք, չկա ձեռքը բռնող։
- Իբրև գիտնական-ազգագրագետ, Արցախի Հանրապետության ազգային ատլասի ստեղծողներից եք, այսինքն՝ պեության, պետականության խորհուրդն լավագույնս գիտակցողներից եք եղել: Ի՞նչ զգացողություն էր, երբ նվիրական այդ արժեքներն ուղղակի հանձնվեցին թշնամուն:
- Չեմ սիրում իմ զգացողություններից խոսել, ես իմ գործն եմ կատարում, միշտ ելույթներ եմ ունենում տարբեր ատյաններից, պարբերաբար խոսում եմ մշակութային ժառանգության նետված մարտահրավերների մասին, որպեսզի կարողանանք ինչ-որ ձև գոնե մի մասը փրկել, բայց, ցավոք սրտի, մեր ջանքերը հաջողություն չեն ունենում։ Չենք վհատվում, չենք հուսահատվում, պայքարը շարունակվում է, բայց քանի գնում, այնքան շանսերը նվազում են։
- Որքան էլ դժվար է՝ մի քանի բառ Ձեր անձնական ողբերգության մասին: Տոհմիկ քարիտակցի եք, ում գյուղը հիմնովին ոչնչացվել է վերջին շրջանում: Ձեր հայրը մահացավ՝ գյուղ վերադարձի սպասումով: Ի՞նչ էր հերոսական Քարինտակը Ձեր համար, և ի՞նչ է պետք, որ հայոց ազգային օրակարգում կրկին տեղ գտնի Քարինտակ-Շուշին ազատագրելու ծրագիրը:
- Մեր ծննդավայրի ոչնչացումը բոլոր քարինտակցիների անձնական ողբերգությունն է, առավել ևս, երբ գյուղի գերեզմանոցում է ամփոփված քո հարազատ հորեղբայրների, հորեղբոր տղայի, եղբոր և համագյուղացիների, հարազատների, բարեկամների հուշարձանները, որոնք Արցախյան առաջին ազատամարտում հերոսական քայլեր են կատարել գյուղը և Արցախը պաշպանելիս։ Այսպես ասած, մեր գերեզմանները անտեր թողեցինք, ի՞նչ զգացողություններ պետք է ունենա մարդ դրանից, շատ ծանր է ինձ համար, մեծ ողբերգություն եմ ապրել, քանի որ հենց Հովհաննիսյան ընտանիքից պատերազմների արդյունքում կորցրել ենք 7 հոգի տարբեր 3 սերունդներից։ Ես խոնարհվում եմ նաև Քարինտակի իմ հերոսական ժողովրդի առջև, որոնց դիմադրությունը թշնամուն 1992 թ. սկզբին դարձավ Շուշիի ազատագրման նախերգանքը: Քարինտակը Շուշի բերդաքաղաքի դարպասն է: Ադրբեջանն այդչափ մոլեգին կերպով ոչնչացրեց հենց Քարինտակը, քանի որ գյուղն ու նրա հերոսական ժողովուրդը թշնամու համար Շուշիի կորստի, ստորացուցիչ պարտությունների խորհրդանիշն էր:
- Եվ վերջում՝ ի՞նչ զգացողություն էր, երբ հարկադիր բռնագաղթի օրը վերջին անգամ Շուշիի բարձունքից հետ նայեցիք Ստեփանակերտին ու դեպի ներքև՝ հայրենի Քարինտակին:
- Ահավոր ծանր էր, ես ինձ մի կերպ զսպեցի, որ չգոռամ, այն մեքենայով, որ գնում էինք, կին կար, և դրա համար ես ինձ զսպեցի, որպեսզի էմոցիաներիս տուրք չտամ, դա իմ ցավոտ տեղն է, չեմ ուզում դրա մասին խոսել։