կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 15:32
Քաղաքական

Սեւրի պայմանագիրն իր արդիականությունը չի կորցրել․ Լեռնիկ Հովհաննիսյան

Սեւրի պայմանագիրն իր արդիականությունը չի կորցրել․ Լեռնիկ Հովհաննիսյան

Չնայած 100 տարվա հեռավորությանը, Սեւրի պայմանագիրն իր արդիականությունը չի կորցրել և համապատասխան աշխատանքի ու քաղաքական նպաստավոր իրավիճակի դեպքում այն հնարավոր է իրագործել: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Սեւրի պայմանագիրը և դրանից բխող 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից հայ-թուրքական սահմանի հստակեցման իրավարար վճիռն արդիական են նաև մեր օրերում: Այս երկու փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն Հայկական հարցի արդարացի լուծման ճանապարհին և Ցեղասպանություն վերապրած մեր ժողովուրդը մեծ հույսեր էր կապում դրանց հետ»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրի 144-րդ հոդվածը Թուրքիային պարտավորեցնում է ոչ միայն ուժը կորցրած ճանաչել Օսմանյան կառավարության «Լքյալ գույքերի մասին» 1915թ. օրենքն ու դրա լրացումները, այլև արգելում էր նման օրենքի ընդունումը: Ուստի այն կարևոր է մեր ժողովրդի կորուստների փոխհատուցման համար: Սեւրի պայմանագրի 226-րդ հոդվածում ասվում է, որ երիտթուրքերը պատերազմական հանցագործներ են և խոսվում է նրանց դատելու մասին:

«Թուրքերի այն պնդումները, որ Լոզանի և Կարսի պայմանագրերով Սեւրի պայմանագիրն ուժը կորցրած է ճանաչվել, չեն համապատասխանում իրականությանը: Միջազգային իրավունքի տեսակետից այդ փաստարկներն անհիմն են և չեն ստվերում Սեւրի պայմանագրի արդիականությունը»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ Թուրքիայի համար, բացի Արցախյան հիմնահարցից, կարևորվում էր նաև Ախուրյան և Արաքս գետերով երկու երկրների սահմանների ճանաչումը: Լեռնիկ Հովհաննիսյանը կիսում է ՀՀ գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքը, որ սա այն վտանգավոր կետերից մեկն է, որի պատճառով պետք էր օր առաջ հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից:

Լեռնիկ Հովհաննսիյանը ավելացրել է, որ Թուրքիայում առկա է այսպես կոչված «Սեւրի սինդրոմը», երբ թուրքերը ցանկանում են օր առաջ դրանից հրաժարվել:

Եվ այս հանգամանքը ևս խոսում է այն մասին, որ պայմանագիրը Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում: