կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-22 13:43
Սպորտ

Ամեն անգամ ոսկե մեդալին նայելիս հիշելու է, որ այն ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

 Ամեն անգամ ոսկե մեդալին նայելիս հիշելու է, որ այն ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

Ռիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է եզրափակիչում իր և սերբ Դավոր Շտեֆանեկի գոտեմարտին:  

«Ավարտվեցին 31-րդ Օլիմպիական խաղերը: Չգիտեմ թե ինչից  սկսեմ, բայց առաջինը կցանկանամ շնորհակալություն հայտնել  բոլոր այն մարդկանց, ովքեր չխուսափեցին Ռիո-2016-ի եզրափակչում իմ գոտեմարտի շուրջ կարծիք հայտնել:

Շնորհակալ եմ ձեր մեծ աջակցության համար: Շնորհակալ եմ, որ հենց սկզբից ինձ հետ էիք և հիմա էլ շարունակում եք լինել կողքիս: Իմ ազգի կողմից ահռելի աջակցություն եմ զգում:

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվանդան, լսել իր երկրի օրհներգն ու տեսնել իր երկրի դրոշի բարձրացումը. ես բացառություն չեմ: Իմ ողջ կյանքի ընթացքում ձգտել եմ օլիմպիական  բարձունքին: Այդ ծանր ճանապարհի համար ահռելի ուժ է ներդրվել: Ես ապրել ու երազել եմ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության մասին, և այդ երկար սպասված պահը վրա հասավ:

Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Բայց որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, համբերություն ունեցա ոչինչ չձեռնարկել, որովհետև Ռիո-2016-ի սպասումով էի:

Հույս ունեի, որ անարդարությունների ժամանակները վաղ թե ուշ անցյալ կդառնան: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին  մեկ տարուց  ավելի  չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: Իմ քրտնաջան մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածքները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքս ու ազգիս համբերությունն ուղակի գողացվեց…

Միթե՞ ողջ մարզական աշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ինձ. շատերներն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, որովհետև ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծ ազգ ենք:

Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին արծաթե մեդալներ նվաճելու առթիվ:

Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս պայքարում էի ոչ միայն իմ անունի, այլ նաև իմ հայրենիքի ու ընտանիքիս համար, որոնք մինչև վերջ աջակցել են ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը: Իմ հարազատների ցավն ամեն ինչ խլացնում է…


Հ.Գ. Պետք չէ վիրավորել սերբին (Դավոր Շտեֆանեկ-խմբ.), նա վատ ըմբիշ չէ: Մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն ենք կազմում: Ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս նա հիշելու է, որ այն իրականում ինձ է պատկանում»,- գրել է հայ ըմբիշը: