կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 21:47
Մշակույթ

Մշակույթը չպետք է դառնա որևէ գերատեսչության կցորդ. Լեռնիկ Հովհաննիսյան

Մշակույթը չպետք է դառնա որևէ գերատեսչության կցորդ. Լեռնիկ Հովհաննիսյան

2018թ. հուլիսից մինչև 2020թ. հունիս ամիսը դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյաը

զբաղեցնում էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը: 

Ի՞նչ է հաջողվել այդ ընթացքում իրագործել, ի՞նչ խնդիրներ ունի ոլորտը, արդյո՞ք արդյունավետ են նախարարության 

կառուցվածքում կատարված վերջին փոփոխությունները:

Այս և այլ հարցերի շուրջ է «Ապառաժ»-ի զրույցը Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: 

— Համարյա երկու տարի ղեկավարել եք ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը: Արդյո՞ք այդ ժամանակահատվածը բավարար էր նախանշված ծրագրերն իրագործելու համար:

 — Երկու տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ բոլոր ծրագրերն իրագործելու համար: Մասնավորապես մշակութային քաղաքականության ասպարեզում շատ լուրջ խնդիրներ կային, որոնք առաջընթացի համար պետք է շուտափույթ լուծվեին: 2019թ. նախարարության և ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի հետ մինչ այդ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում երկու ուսումնասիրություն ենք կատարել: Առաջինը վերաբերում էր համայնքներում մշակույթի զարգացմանը, իսկ երկրորդը Արցախի Հանրապետության մշակութային քաղաքականության հայեցակարգի մշակումն էր:

Նույն խնդիրն առկա էր նաև երիտասարդության քաղաքականության ոլորտում. մենք շարժվում ենք դեռևս 2008թ. ընդունված հայեցակարգով, որը վերափոխման անհրաժեշտություն ունի: Մեր գործընկերների հետ միասին կարողացանք երիտասարդության քաղաքականության հայեցակարգը ևս մշակել: Հայեցակարգերն արդեն մշակված են, և շատ եմ կարևորում դրանց ընդունումը: Քննարկումների առաջին փուլն արդեն կայացել է:

Զբոսաշրջության ոլորտում զգալի աշխատանքներ են կատարվել, մշակվել են նոր ծրագրեր, որոնց արդյունավետությամբ է նաև պայմանավորված Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճը նախորդ տարիներին:

Նախարարության աշխատանքների ծավալն ընդգրկուն է և հնարավոր չէ բոլորին անդրադառնալ: Կուզեի առանձնացնել մշակութային ասպարեզում դրամաշնորհները, ազգային թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերը: Նախագահ Բակո Սահակյանի աջակցությամբ խրախուսել ենք թե՛ Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանների և թե՛ «Պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:

—Ինչպես նշեցիք, նախարարության աշխատանքների ծավալը մեծ է: Այդուհանդերձ, ի՞նչ կարևոր փոփոխություններ կառանձնացնեիք:

Կարևորում եմ այն հանգամանքը, որ հուշարձանների վերականգնման ոլորտում նվազագույնի է հասցվել առանց պետական լիազոր մարմնի քննարկման որևէ շինարարական աշխատանքի կատարում: Սա կարևոր է հուշարձանի վերականգնման ընթացքում պատմական տեսքը պահպանելու, մասնագիտորեն աշխատելու տեսանկյունից:

Նախարարությյան և ՀԱԵ Արցախի թեմի միջև փոխհամաձայնության և փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Այս հանգամանքը կարևոր է, որպեսզի մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ պատմամշակութային ժառանգությունը, չխաթարվի:

Ազգային նվագարանների համույթը ստացել է պետական կարգավիճակ: Ճիշտ է, համույթի ստեղծման գործընթացը շատ ավելի վաղ էր սկսվել, բայց պետական կարգավիճակ չուներ: Հիմա արդեն համոզված եմ, որ որպես առանձին համույթ՝ հաջողություններ է ունենալու:

Առաջին անգամ իրականացրել ենք ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ուղղված՝ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների ուտեստների փառատոն:

2019թ. ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը, «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի ու «ՖԱՍԻԼՅԱ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ, Արցախում առաջին անգամ կազմակերպել է օտարալեզու երգերի՝ «ՖԱՍԻԼՅԱ. Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» միջազգային մանկապատանեկան մրցույթը։ Մրցույթին մասնակցել են ԱՀ արվեստի ու երաժշտական դպրոցների 20-ից ավելի սաներ, ովքեր մրցել են 5 անվանակարգերում։ Մրցույթի արդյունքում Գրան-պրիի արժանացած 5 պատանի երգիչներ 2019թ. ապրիլի 11-ին մասնակցել են Մոսկվայի Երաժշտության միջազգային տան կամերային դահլիճում կայացած գալա-համերգին:

Զբոսաշրջության ոլորտում շեշտը դրվել է սպասարկման ոլորտի բարելավման վրա. զարգացրել ենք միջազգային կապերը, այդ թվում՝ հանրահայտ բլոգերների միջոցով մարկետինգային զգալի աշխատանքներ են կատարվել:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի նախարարությունը, որոնք դեռևս չեն լուծվել:

— Մենք պետք է հասարակությանը հասկացնենք, որ մշակույթը միայն մշակութային միջոցառումները չեն:

Մշակութային միջոցառումների կազմակերպմամբ պետք է զբաղվի հատուկ կառույց և նախարարությունը պետք է լինի պատվեր տվողի դերում: Ցավոք սրտի, այս հարցը տարբեր պատճառներով չենք կարողացել լուծել: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները չպետք է պետական ֆինանսավորում ստանան:

Մենք չկարողացանք լուծել ոլորտում մասնագետների պակասի խնդիրը՝ հատկապես շրջաններում: Մշակութային օջախները չպետք է դիտվեն միայն որպես աշխատանքով ապահովելու վայր:

Մեծ նշանակություն է ստանում նաև պատմամշակութային ու բնապատմական  արգելոցների ստեղծումը` բնակավայրերի, դրանց հատվածների, բնական ու պատմականորեն ձևավորված պատմամշակութային համալիրների և դրանց պատմական միջավայրի պահպանության ու զարգացման նպատակով:

Հուշարձանների պահպանությունն ու վերականգնման աշխատանքների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համագործակցությունը որոշակի խնդիրներ է առաջացնում: Օրենքով նախատեսված այն գործառույթները, որոնք հուշարձանների պահպանման ոլորտում պետք է իրականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, չկարողացանք պատշաճ մակարդակի հասցնել:

Ցավոք սրտի, համավարակը շատ է հարվածել մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին: Պետք է կարողանալ ճիշտ քաղաքականություն մշակել և այս ամենից նվազագույն կորուստներով դուրս գալ:

-Վերջերս ԱՀ ՄԵՀԶ նախարարության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել, առանձնացվել է մշակույթի ոլորտը և միացվել կրթության, գիտության նախարարությանը: Ինչպե՞ս եք վերաբերում այս փոփոխություններին:

 -Չեմ կարող դրական համարել կատարված փոփոխությունները: 1997թ. մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի առանձին նախարարության ստեղծումով մշակութային կյանքին և մշակութային քաղաքականությանը մեր երկրում լիովին այլ որակ հաղորդվեց: Մշակույթը զարգացել է այն ժամանակ, երբ եղել է առանձին նախարարություն:

Մշակույթի նախարարության և մշակույթի՝ որպես քաղաքականության վճռորոշ ոլորտի առանձնացումը 20-րդ դարի քաղաքակրթական ամենամեծ նվաճումներից է: 20-րդ դարում տարբեր երկրներում մշակույթով զբաղվում էր մշակույթի նախարարությունը: Այսպես, օրինակ՝ խորհրդային միութենական հանրապետություններում՝ 1953թ., եվրոպական երկրներից Ֆրանսիայում՝ 1959թ., Իտալիայում`1974թ., Իսպանիայում` 1977թ., Նորվեգիայում՝ 1982թ.: Թուրքիայում մշակույթի նախարարությունը սկսեց գործել 1971թ., Իրանում՝ 1987թ.։ Ձևավորվեց համընդհանուր գիտակցություն, որ մշակույթը և կրթությունը առանձին ոլորտներ են՝ յուրաքանչյուրը իր նպատակներով և խնդիրներով։ Վերջին օրինակներից Շվեդիան է, որտեղ կրթության և մշակույթի ոլորտները 2006 թ. առանձնացվեցին:

Մշակույթը չպետք է դառնա որևէ գերատեսչության կցորդ: Սա աշխարհի փորձն է ու կիրառված ուղին: Եթե հավակնում ենք քայլել զարգացած պետությունների ճանապարհով, պետք է հատուկ և առանձնակի ուշադրության կենտրոնում պահենք մշակույթը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի