Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը երեկ նյութ էր հրապարակել «Պապոյանը ստո՞ւմ է. Ագրարայինի հետ մի քանի ամսյա վերապատրաստման ծրագիր գոյություն չունի վերտառությամբ»:
Երեկոյան Էկոնոմիկայի նախարարը ֆեյբուքում գրել էր. «Ագրարային համալսարանում որոշ պատասխանատու պաշտոնյաներ փաստորեն անգամ չգիտեն, որ համատեղ վերապատրաստման ծրագիր ունեն Էկոնոմիկայի նախարարության հետ։
Հուսով եմ, որ այս պաշտոնյաների անտեղյակության պատճառով չէ նաև այն իրավիճակը, որ Ագրարայինը բազմաթիվ մասնագիտությունների գծով ունի 0 (զրո) դիմորդ»։
Նախարարի պարզաբանումից հետո գոնե հասկանալի է, որ ինքը ապատեղեկատվություն չի տարածել:
Սակայն այսօր առավոտ կանուխ 8.30-ին նախարարության էջում տեղադրվել է հերքման տեքստ, որում ոչ թե հերքել, այլ ուղղակի հաստատել են մեր գրածը: Ավելին, Yerkir.am-ին մեղադրել են ապատեղեկատվություն տարածելու մեջ, իսկ նախարարության մամուլի խոսնակն իր անձնական էջում պիտակավորել, անվանարկել և թիրախավորել է մեր լրատվամիջոցին (վերջինիս վարքագծին կանդրադառնանք քիչ ավելի ուշ):
Հիմա ամեն ինչ հերթականությամբ և մանրամասնորեն.
Ազգային Ժողովում, անդրադառնալով պատգամավոր Միքայել Թումասյանի՝ անասնաբույժերի վերապատրասումների վերաբերյալ մտահոգություններին, Պապոյանը պատասխանել է (ներկայացնում ենք տեսագրության 1.48-1.50 հատվածի սղագրությունը).
«Մենք ունենք շատ մեծ պրոբլեմ էստեղ, դրա համար նախարարությունը մի էսպիսի ծրագիր է իրականացնում գյուղակադեմիայի հետ, թրեյնինգի ծրագիր է: ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ գնում են, վերապատրաստվում են, և այդ վկայականը մենք տալիս ենք: Սա չեմ կարող ասել, որ լավագույն լուծումն է, բայց իրավիճակից դուրս գալու համար թերևս ինչ-որ քիչ թե շատ նորմալ լուծում ենք գտել, որովհետև հասկանում եմ, որ ֆունդամենտալ համալսարանական բակալավրիական կրթությունը ցանկացած վերապատրաստման նկատմամբ: Վերապատրաստումն իր տեղն ունի: Պետք է ֆունդամենտալ գիտելիքները լինեն, հետո փորձին զուգահեռ անընդհատ մարդը պետք է վերապատրաստվի միանշանակ: Բայց փաստացի մենք այդպիսի պրոբլեմ ունենք, և անասնաբույժերի վերապատրաստման այդ ԾՐԱԳԻՐՆ ( ոչ թե ծրագրեր` Yerkir.am) է ընդամենը գործում:
Հերքման, հերքողի և խորհրդատուների մասին:
Հերքման տեքստում երկար-բարակ խոսվում է ապագայում իրականացելիք վերապատրաստումների մասին: Դրանց չանդրադառնանք:
Հերքման տեքստում նշվում է, որ ՀՀ Ագրարային համալսարանի հետ իրականացվում է նաև «Սպանդանոցների անասնաբույժ փորձագետի վերապատրաստման ծրագիր» 6 շաբաթյա դասընթացը, որից հետո տրվում է սերտիֆիկատ։ Նախ, ՀՀ-ում ՀՀ Ագրարային համալսարան անվանմամբ բուհ ուղղակի գոյություն չունի: Կա Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Հաջորդը, էկոնոմիկայի նախարարությունն ի՞նչ կապ ունի այս ծրագրի հետ, որն արվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ: Եթե սա էլ եք հերքելու, գոնե հրապարակեք համատեղ իրականացման իսկությունը հավաստող գեթ մեկ փաստաթուղթ: Ագրարային համալսարանն իրականացնում է բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ տարբեր ոլորտներում, որոնց հազարավոր մասնակիցներից ոչ մեկ չի բողոքում դրանց որակից և արդյունավետությունից:
Նախարարը խոսում է ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՅԱ վերապատրաստումների մասին: Մի քանի ամիսը 2, 3, 4 կամ 10 ամիսներն են: 6 շաբաթն ամեն դեպքում մի քանի ամիս չէ: Չնայած սա էլ ընկալման հարց է:
Հերքման տեքստում անդրադարձել եք Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև պայմանագրի համաձայն ագրարային համալսարանում իրականացվող «Պատվաստող (վակցինատոր)՝ գյուղատնտեսական կենդանիների» պատրաստման հնգօրյա և վերահավաստագրման երկօրյա դասընթացներին: Այո, սա անասնաբույժերի վերապատրաստման ձեր միակ համատեղ ծրագիրն է, սակայն մեկ էական տարբերությամբ` ՀՆԳՕՐՅԱ ԵՎ ԵՐԿՕՐՅԱ, և ոչ թե ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՅԱ:
Պարո՛ն Պապոյան, հերքողները և խորհրդատուները Ձեզ պետք է այս վերջին ծրագրի մասին մանրամասն և օբյեկտիվ տեղեկատվություն տային: Մնացած ծրագրերը Ձեր ղեկավարած նախարարության հետ կապ չունեն, և տպավորություն ստեղծելու համար իզուր մի՛ չարչարվեք, դա ի վնաս Ձեզ է լինելու հաստատ:
Վերջում էլ երկու խորհուրդ Ձեզ: Պատասխանատուներից հարցրեք, թե վերջին անգամ ե՞րբ է անցկացվել վերապատրաստման այդ դասընթացը: Մեր տեղեկություններով՝ վերջին անգամ դա արվել է 2021 թ.: Շատ կուզենայինք, որ նախարարությունը փաստարկված հրապարակեր այդ ծրագրի վերջին մասնակիցների անունները, տրված սերտիֆիկատները և այլ ապացույցներ, որպեսզի հասարակությունն իմանա՝ դա իրականում գործող ծրագի՞ր է, թե՞ օդ ու փուչիկ, ինչպես Փաշինյանի իշխանության շատ «ծրագրեր»:
Ամեն դեպքում, հաշվի առնելով Ձեր հետևողականությունը, փաստենք, որ դուք մտածված ապատեղեկատվություն չեք տարածել, ուղղակի Ձեզ հավբանաբար երկրորդ անգամ խաբել են:
Հ.գ. Մամուլի խոսնակի վարքագծի մասին: Նշել է, թե, իբր, մեր լրատվամիջոցը օրակարգ չի ստեղծում: Նախարարի երեկվա գրառումը, վաղ առավոտյան նախարարության տարածած հերքումը և մամուլի խոսնակի ցածրամակարդակ գրառումը վառ ապացույցն են, որ առնվազն Էկոնոմիկայի նախարարության օրակարգը մենք ենք ստեղծել և դեռ ստեղծելու ենք: Սա՝ մեկ: Հաջորդը՝ Լիլիթ Շաբոյանին նախ հորդորում ենք կոռեկտ լինել, ապա մի քիչ խորհրդակցել պրոֆեսիոնալների հետ, ովքեր կբացատրեն իրեն, որ ինքը ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի անձնական մամուլի խոսնակը կամ ՔՊ-ականների փաստաբանը չէ: Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակը մեր հարկերից աշխատավարձ ստացող պետական աշխատող է, որի գործը ոչ թե ախուրյանցի Անոյի ոճով լրատվամիջոցներին թիրախավորելը, անվանարկելը, հեղինակազրկելն ու պիտակավորելն է, այլ քաղաքակիրթ կերպով հերքումը ներկայացնելն ու լրատվամիջոցին խնդրելը, որ այն ևս հրապարակվի: Կա՛մ այս պարզ բանը դեռ չի ընկալել նշված կարգավիճակում գտնվող անձը, կա՛մ նպատակաուղղված է նման վարքագիծ դրսևորում: Երկու դեպքում էլ նա ուղղակի քար է գցում իր ապագա կարիերայի գլխին:
Վ. Սարգսյան