Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Today’s Zaman պարբերականի՝ նախօրեին հրապարակած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը չեղյալ էր հայտարարել ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Սակայն այսօր արդեն մեր հարևան երկրի ԱԳՆ-ն հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ շարունակվում են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքները:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին, նշեց, որ այս ամենը հարկ է դիտարկել ոչ թե հայ-թուրքական, այլ ավելի շատ Գյուլեն-Էրդողան հակամարտության համատեքստում:
«Նախ և առաջ` պետք է հասկանալ, որ Zaman-ը միշտ էլ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, կոնկրետ՝ գյուլենական ուղղվածության: Նկատենք, որ լուրը տպագրվեց պարբերականի անգլալեզու տարբերակում, այսինքն՝ նպատակ կար նաև որոշակի խառնաշփոթ առաջացնել միջազգային ասպարեզում, բայց չեմ կարծում, որ այս ամենը կարելի է հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում դիտարկել, դա ավելի շատ կարելի է դիտարկել Թուրքիայում տեղի ունեցող` Գյուլեն-Էրդողան հակամարտության համատեքստում»,- նշեց թուրքագետը:
Նրա կարծիքով՝ սա հակաքայլ էր` ընդդեմ Էրդողանի, որը կարող է ունենալ շատ կարճաժամկետ հետևանք ու նշանակություն, և Թուրքիայի ԱԳՆ-ի՝ այս տեղեկության հրապարակային հերքումից հետո արդեն, ըստ էության, այդ տարակուսանքը չեզոքացավ:
«Դա նաև խոսում է այն մասին, որ հայկական թեմատիկան, Հայոց ցեղասպանությունը ուղղակի կամ անուղղակի ներթուրքական պայքարում կողմերն օգտագործում են միմյանց դեմ: Դա ոչ միայն Թուրքիայի և աշխարհի միջև խնդիրներ պարզելու համար է ծառայում որպես գործիք, այլև, ինչպես տեսնում եք, ներթուրքական, ներքաղաքական հարցերում ևս»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: