Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ, որոշ պնդումների համաձայն, Հայաստանից վերջին 2 տարիներին արտագաղթի նոր ալիք, ահագնացող ծավալներ կան, մինչդեռ ինքը չի հանդիպել դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկությունների: Նա հրապարակայնորեն խնդրեց բոլոր անձանց, ովքեր նման աղբյուրներ ունեն, այդ մասին տեղեկացնեն նաեւ իրենց, որպեսզի իրենք էլ ուսումնասիրեն:
Հրապարակայնորեն բավարարենք պարոն Եգանյանի հրապարակային խնդրանքը` ներկայացնելով ինչու վերջին 2, այլ վերջին 3 տարիներին արտագաղթի նոր ալիք ահագնացող ծավալների վերաբերյալ պնդումների աղբյուրը:
Որքան էլ զավեշտալի կամ տարօրինակ թվա, այդ աղբյուրը հենց միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքն է:
Այդ կայքով ծառայության հայտնած պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանից մեկնածների եւ Հայաստան վերադարձածների բացասական տարբերությունը կամ սալդոն 2008թ. կազմել է 23,1 հազար մարդ, 2009թ.` 25 հազ. մարդ, 2010թ.` 29,9 հազ. մարդ: Այսինքն` Հայաստանից`մեկնածներից տարեկան միջինը 26,000 մարդ չի վերադարձել, ընդ որում 2001 թ. հետո այսպիսի տագնապալի իրողություն դեռ չի գրանցվել: Ամենամեծ բացասական տարբերությունը` 10,161 մարդ, արձանագրվել է 2003թ., սակայն վերջին 3 տարիներից յուրաքանչյուրի ցուցանիշը ավելի քան կրկնակի գերազանցում է դրան: