կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-27 10:29
Առանց Կատեգորիա

Հաստատում` հերքման միջոցով

Հաստատում` հերքման միջոցով

Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երկու օր առաջ lragir.am-ում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին ուղղված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակի իր անդրադարձում ապատեղեկատվություն է որակում այն պնդումը, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանն ընդունել է Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ձևավորելու թուրքական առաջարկությունը:

Առաջին անգամը չէ, իհարկե, որ իշխանությունը պաշտոնական մակարդակով հերքում է նմանօրինակ պնդումները: 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրման արարողությունից առաջ, նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որում ևս նշում էր. «Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ»:

Այս գաղափարն իշխանությունը տիրաժավորում էր ոչ միայն արձանագրությունները ստորագրելուց առաջ սահմանված եռամսյա հանրային քննարկումմենրի ժամանակ, այլև դրանից հետո` առ այսօր: Գաղափարը բխում է այն պարզունակ մոտեցումից, թե խոսքը ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ ընդամենը միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի մասին է:

Կայքի հրապարակման մեջ արված պնդումը հերքելու համար նախագահի մամլո խոսնակը ևս հենց դրա վրա է հիմնվում: Վկայակոչելով Wikileaks-ի վերջերս հրապարակած փաստաթղթերից մեկը` 2009-ի սեպտեմբերի 12-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի` Վաշինգտոն ուղարկած հաղորդագրությունը ՀՀ դիվանաագիտական կորպուսի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի վերաբերյալ, խոսնակը մեջբերում է նախագահի խոսքերը. «Ցեղասպանությանն առնչվող պատմական հարցերը ոչ միայն չեն կարող քննարկվել պատմաբանների կողմից, ոչ էլ անգամ ամբողջական միջկառավարական հանձնաժողովի կողմից, այլեւ ավելի ցածր, միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակներում»:

Ըստ էության, պատմաբանների հանձնաժողովի ձևավորման թուրքական հավակնությունները չեզոքացնելու հարցում հայկական կողմն իր վերջնական հաղթանակն է համարում այն, որ ոչ թե Ցեղասպանությանն առնչվող պատմական հարցերը քննարկման առարկա առհասարակ չպետք է դառնան, այլ ընդամենը` որ դրանք պատմաբանների հանձնաժողովի փոխարեն ուսումնասիրելու է միջկառավարական հանձնաժողովի` պատմական հարցերով ենթահանձնաժողովը: Այսպիսով, իրականում նախագահի մամուլի քարտուղարը ոչ թե հերքել, այլ հակառակը` հաստատել է թուրքական այդ նախապայմանին հայկական կողմի համաձայնելու փաստը և համոզիչ կերպով բացահայտել, որ իրական կոմպրոմիսն այս հարոցւմ եղել է միայն հանձնաժողովի մակարդակի կամ կարգավիճակի ցածրացման հարցում:

Մինչդեռ որևէ նշանակություն չի կարող ունենալ` պատմական այդ ողբերգական անցքերը, այսինքն՝ դրանց լինելիության հանգամանքը, պատմաբանների հանձնաժողո՞վն է քննարկման առարկա դարձնում, թե՞ ենթահանձնաժողովը: Եվ թուրքական կողմի խնդիրը ոչ թե դրա կարգավիճակն է եղել, այլ անպայման հարցը հենց պատմագիտական հարթության վրա ուսումնասիրելու մեխանիզմներ ստեղծելը: Եվ այլեւս անժխտելի է, որ այդ հանձնախումբն ինչպիսի կարգավիճակ էլ ունենար, հենց Ցեղասպանությանն առնչվող պատմական արխիվային փաստաթղթերը պետք է ուսումնասիրեր:

Արձանագրությունների իրագործման ժամանակացույցում այս մասին եւս գրված է շատ պարզ և հասկանալի. «…պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով (երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար)` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»: Այսինքն՝ սա ինքնախոստովանության է այն բանում, որ Ցեղասպանության լինելիության հարցը քննարկելու հնարավորությունները բացառելու խնդրում հայկական կողմը խաղն ամբողջությամբ տանուլ էր տվել:

Կարող է թվալ, թե արձանագրությունների վավարեցման հարցը Թուրքիայի Մեջլիսի օրակարգից հանելը ավելորդ է դարձնում այս հարցի հետագա արծարծումները: Սակայն երբ անգամ այդ պարագայում է փորձ արվում ժխտել Ցեղասպանության հարցը թուրքերի հետ պատմական ուսունասիրության առարկա դարձնելուն համաձայնելու իրողությունը՝ առանց բացահայտորեն խոստովանելու թույլ տված կոպտագույն սխալը, մշտապես վտանգ կա, որ այն նորից է կրկնվելու: Հատկապես որ այս տեսքով ու բովանդակությամբ արձանագրություններ ունենալու պարագայում թուրքական կողմը երբեք այլևս չի նահանջելու իր ձեռքբերումներից:

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ