Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Գրեթե 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Փաշինյանը այսպես կոչված սահմանազատված Կիրանցում՝ իր ձևակերպմամբ «պատասխանատու» կերպով հայտարարում էր, թե Հայաստանի անկախության պատմության մեջ Կիրանցում դպրոց գնալն ու այնտեղ ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել, այսօր նույն Կիրանցում մի մեծ խնդիր է հասունացել ու պայթել:
Առավոտից տեղեկություններ տարածվեցին, թե Կիրանցի նորաբաց դպրոցում դասապրոցեսն իրականացվում է առանց ջեռուցման: Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց՝ մառախլապատ ու ցուրտ եղանակին զուգահեռ դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում: Երեխաները դողալով են դասերին մասնակցել: Սարգսյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական «սահմանազատված» սահմանից 30 մետր հեռավորությամբ գտնվող շենքը պետք է ջեռուցվեր էլեկտրական մարտկոցներով, բայց այսօր այլ իրականություն է տիրում այնտեղ:
«Երբ այս տարվա սեպտեմբերի 1-ին դպրոցը շահագործման հանձնվեց, պարզվեց, որ անհատապես շահագործվող հոսանքագիծ չունի… ինչպե՞ս»,- ասաց նա՝ հարցադրելով, թե ինչո՞ւ մինչ այժմ հոսանքագիծը չի անցկացվել:
Ոսկան Սարգսյանի խոսքով՝ դպրոցի ջեռուցման մասին պատկան մարմիններն ավելի վաղ պետք է մտածեին, բայց դրա մասին սկսեցին հետաքրքրվել միայն այն ժամանակ, երբ ձմռան ցուրտը թակեց Կիրանցի դպրոցի դուռը:
«Թե ինչո՞ւ դպրոցի տնօրենն այս հարցն ավելի շուտ չի լուծել, չգիտեմ… Մարզպետը, որ Փաշինյանի մտերիմն է, դասընկերն ու հարսանիքի խաչեղբայրը, ինչո՞ւ այս հարցին ավելի վաղ չէր անդրադարձել ու համապատասխան լուծում տվել, չէ՞ որ դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է» ,- ասաց մեր զրուցակիցը:
«Պարզաբանումներ ստանալու համար զանգահարել եմ Կիրանցի հիմնական դպրոցի երկարամյա տնօրեն Վոլոդյա Բաբինյանին, բայց նա զանգերս անպատասխան թողեց: Նախկինում այս թեմայով օբյեկտիվ դիտարկումներ եմ արել: Ենթադրում եմ, որ գիտեր՝ ինչ թեմայով էի զանգում ու ինչ դիտարկումներ էի անելու»:
Ըստ Ոսկան Սարգսյանի՝ Կիրանցի դպրոցում նաև արևային կայան կա, որը պետք է թեթևացներ դպրոցի ջեռուցման համար օգտագործվելիք էլեկտրականության ծախսը։ Սակայն, արևային կայանը, նրա խոսքով, չի օգտագործվում: Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ պատճառը կրկին էլեկտրական եռաֆազ հոսանքի գծի բացակայությունն է: Բայց այս ամենին զուգահեռ, տավուշեցի լրագրողը հայտնեց, որ դպրոցում եռաֆազ հոսանքի անցկացման աշխատանքները սկսվել են:
Նկատենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանից հետաքրքրվում էր, թե արդյո՞ք դպրոցը նորմալ է աշխատում, ինչին ի պատասխան՝ մարզպետը պատասխանել էր՝ այո: Ղալումյանը խաբե՞լ է Փաշինյանին, թե՝ ոչ, թողնում ենք մեր ընթերցողի ենթադրությանը: