կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 12:48
Հասարակություն

Աջափնյակում մետրոյի 2 կայարան կկառուցվի, Նոր Նորքից կենտրոն ճոպանուղի կգործի. Մեսչյանի ծրագրերը

Աջափնյակում մետրոյի 2 կայարան կկառուցվի, Նոր Նորքից կենտրոն ճոպանուղի կգործի. Մեսչյանի ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենի` ևս մի քանի կայարան ավելացնելու ծրագիրն ենք սկսել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Նրա խոսքով` Աջափնյակում մետրոյի երկու կայարան կավելացվի: «Ուզում ենք քաղաքը կապել Աջափնյակի հետ և թեթևացնել տրանսպորտային բեռը: Հետագայում այդպես կանենք նաև Դավիթաշենում: Եթե հարցնեք` ռեա՞լ ծրագիր է, ես կասեմ` այո»,- նշեց Մեսչյանը:

Նա հիշեցրեց, որ մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի համար տարիներ առաջ արդեն ներդրում կատարվել է` շուրջ 250 մլն դրամ է ծախսվել: Մեսչյանի խոսքով` հիմա էլ կլինեն ներդրողներ:

Երևանի գլխավոր ճարտարապետը խոսեց նաև մեկ այլ կարևոր ծրագրի մասին` Նոր Նորքը քաղաքի կենտրոնին կմիանա ճոպանուղով: Ճոպանուղու կառուցման և շահագործման հարցը, ըստ Մեսչյանի, շատ ավելի արագ կլուծվի: «Ֆինանսական առումով ճոպանուղին ավելի քիչ ծախսեր կպահանջի մեզնից, քան մետրոյի նոր կայարանը: Տեսեք` ինչքան էլ շատ գումար ունենանք, Մասիվը մետրոյի կայարան չի կարող ունենալ, դրա համար խնդրին պետք է այլ կերպ լուծում տալ: Ճոպանուղին կլինի երկու տեսակի` ինչպես զբոսաշրջիկների համար, այնպես էլ պարզապես որպես տրանսպորտ: Բնականաբար, որպես տրանսպորտ ծառայող ճոպանուղին չի կարող լինել 6 տեղանոց, այն 12-14 տեղանոց կլինի»,- ասաց Մեսչյանը:

Նա նշեց նաև, որ ճոպանուղու ուղղությունը փոխվելու է, և այն կունենա երկու կանգառ:

Իսկ թե ովքե՞ր կլինեն ճոպանուղին շահագործողները, ըստ Մեսչյանի` մրցույթ կհայտարարվի, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: «Այս ծրագրերը ռեալ են, ուղղակի աշխատել է պետք: Մեզ այս հարցերում, կարծում եմ, քաղշինն ու կառավարությունը կօգնեն»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը: