Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Մայիսի 15-ին «Հորիզինում» լոյս տեսաւ բացառիկ հարցազրոյց Հայաստանի Հանրապետութիւնում Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըրի հետ։ Խիստ ուշագրաւ շեշտադրումներով եւ ոչ երկիմաստ պնդումներով այս հարցազրոյցը առիթ դարձաւ, որպէսզի սոյն յօդուածով անդրադառնանք հայ-գանատական յարաբերութիւնների վերջին տարիների առաջանցիկ զարգացմանը՝ վեր հանելով դրանում Հայ Դատի Գանատայի յանձնախմբի մեծ ներդրումը։ Հայ-գանատական յարաբերութիւնների ներկայ զարգացումը լրացուցիչ վկայութիւն է առ այն, որ միջազգային յարաբերութիւններում սփիւռքը, իսկ տուեալ դէպքում Գանատայի հայկական սփիւռքը շարունակում է լինել միջազգային յարաբերութիւնների անդրազգային դերակատար, որը կարող է ազդել ընդունող եւ հայրենի պետութիւնների միջեւ յարաբերութիւնների զարգացման վրայ։
Իսկապէս, հեռաւոր Գանատային եւ Հայաստանին շատ քիչ բաներ կարող էին կապել, եթէ չլինէր Գանատայի հայկական սփիւռքը։ Այսօր Գանատան այն պետութիւնն է, որն Ատրպէյճանի նկատմամբ կիրառում է ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման էմպարկօ, խօսում է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութիւնից, հանդէս է գալիս Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան դիրքերից։ Գանատան այն պետութիւնն է, որը պետական հետաքննութեամբ պարզել է Թուրքիայի կողմից ռազմական արտադրանքի ներկրման կանոնների խախտում՝ մասնաւորապէս յայտնի «Պայրաքտար» անօդաչուներում գանատական արտադրանքի խաբէութեամբ կիրառումը, ինչի արդիւնքում մինչեւ վերջերս պաշտօնական Օթթաուան ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման էմպարկօ էր կիրառում նաեւ Թուրքիայի նկատմամբ, եւ այդ էմպարկօն հանուեց միայն Շուէտի՝ ՆԱՏՕ-ի անդամակցութեան գործարքի շրջանակում, այն էլ վերապահումներով, որ գանատական ռազմական նշանակութեան արտադրանքը չի կարող կիրառուել որեւէ երրորդ կողմի դէմ։ Գանատայի վարչապետը, որպէս կանոն, իւրաքանչիւր տարուայ Ապրիլի 24-ի նախօրեակին, տեսաուղերձ է յղում հայ համայնքին՝ մշտապէս վկայակոչելով այն կարեւոր դերը, որ համայնքն ունեցել է եւ ունի Գանատայի ներքին կեանքում։ Գանատան նաեւ այն եզակի արեւմտեան երկրներից մէկն է, որի բարձրագոյն օրէնսդիր մարմնում պաշտօնապէս խօսքի հնարաւորութիւն էր տրամադրւում Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչներին։
Գանատան, վերջապէս մի պետութիւն է, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում իր առաջին դեսպանատունը բացեց Երեւանում, ինչը միջպետական յարաբերութիւնները որակապէս նոր հանգրուանի բարձրացնելու պատրաստակամութեան գործուն դրսեւորում էր։ Հայաստանում Օթթաուայի պաշտօնական ներկայացուածութիւնը Հայ Դատի Գանատայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն էր տարիներ շարունակ։ Դրան նախորդել էր 2022 թ․ Փետրուարի վերջին եւ Մարտի սկզբին Եւրոպական միութիւնում եւ Եւրոպայում Գանատայի յատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ստեֆան Տիոնի այցը Երեւան՝ Հայաստան-Գանատա ռազմավարական երկխօսութեան հեռանկարները քննարկելու նպատակով։ Բացի Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչների հետ հանդիպումից, դեսպան Տիոնը նաեւ հանդիպել էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամներ Կիրօ Մանոյեանի եւ Րաֆֆի Տօնապետեանի հետ եւ քննարկել հայ-գանատական յարաբերութիւնների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում անգամ մը եւս վերահաստատուել էր, որ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը հետեւողականօրէն նպաստելու է հայ-գանատական յարաբերութիւնների զարգացմանը եւ այդ համատեքստում Հայաստանում Գանատայի դեսպանութեան հաստատմանը։ Յատկանշական է, որ Հայաստանում Գանատայի դեսպանատան բացման պաշտօնական արարողութեանը մասնակցում էր նաեւ Հայ Դատի Գանատայի յանձնախմբի պատուիրակութիւնը՝ անձամբ նախարար Ժոլիի հրաւէրով։ Պէտք է նաեւ նկատել, որ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը բարեկամական ջերմ յարաբերութիւններ ունի ինչպէս գանատական ընդդիմութեան, այնպէս էլ իշխանութեան հետ, ինչի վկայութիւնն են ինչպէս իշխանութեան ներկայացուցիչների, օրինակ արտգործնախարար Ժոլիի, այնպէս էլ հիմնական ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան առաջնորդների այցելութիւնը Գանատայի հայ համայնքին պատկանող կեդրոններ, այդ թւում «Հորիզոնի» խմբագրութիւն։
Այժմ, վերոգրեալ նախաբանի լոյսի տակ, անդրադառնանք «Հորիզոնի» հետ դեսպան Թըրնըրի բացառիկ հարցազրոյցում տեղ գտած մի շարք առանցքային շեշտադրումների, որոնց վերլուծութիւնը կարեւոր է հայ-գանատական յընթացս զարգացող յարաբերութիւնների բնոյթն ու հիմնական ուղղութիւնները հասկանալու տեսանկիւնից։ Նախ, ինչպէս իր շատ հարցազրոյցներում, այնպէս էլ այս անգամ, յաճախ ուղղակի կամ ոչ ուղղակի շեշտւում է Գանատայի հայ համայնքի դերը երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում, մի հանգամանք, որ դեսպանընկալ երկրում անընդհատ շեշտելու պարտաւորութիւն դեսպանները, որպէս կանոն, չունեն։
Հարցազրոյցի սկզբում դեսպանը նշում է, որ Գանատան ընդգծում է իր աջակցութիւնը Հայաստանի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը։ Ըստ դեսպանի, որքան էլ դրական էր դեսպանատան բացումը, սակայն այն տեղի ունեցաւ Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրաւման եւ 120.000 մարդու բռնի տեղահանման՝ սեպտեմբերեան ռազմական գործողութիւններից մի քանի շաբաթ անց: Այդպիսի ծայրայեղ պահին Հայաստանին աջակցութեան ազդանշան տալը եղել է հիմնական նպատակը։ Շարունակելով՝ դեսպանը նշում է, որ արտգործնախարար Ժոլին Ջերմուկում հնարաւորութիւն ունեցաւ ուղղակիօրէն հանդիպել փախստականների հետ։ Նա նաեւ հնարաւորութիւն ունեցաւ դիտորդական առաքելութեան միջոցով տեսնել բռնագրաւուած տարածքի որոշ հատուածներ եւ հրապարակայնօրէն փոխանցել աջակցութեան ուղերձ Գանատայից, որը ներառում էր փախստականներին յաւելեալ մարդասիրական օգնութեան յայտարարութիւնը: Աջակցութեան այդ ուղերձները շատ լաւ ընդունուեցին։
Իր խօսքում դեսպանը անդրադառնում է նաեւ գանատական գործուն ներգրաւուածութեանը Հայաստանի անվտանգութեան ապահովման գործում՝ վկայակոչելով գանատական ներկայութիւնը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեան կազմում։ Եւ իսկապէս, Գանատան փաստօրէն առաջին եւ դեռեւս միակ ոչ ԵՄ անդամ պետութիւնն է, որ մաս է կազմել Հայաստանում տեղակայուած ԵՄ դիտորդական առաքելութեանը։
Անդրադառնալով ատրպէյճանական ագրեսիւ հռետորաբանութեանը՝ Հայաստանում Գանատայի դեսպանը դիւանագիտական նրբանկատութեամբ նկատել է, որ տեսնում են ագրեսիւ հռետորաբանութիւնը, որը յետ է մղում գործընթացը, եւ որ դա մի բան է, որն իրենք բացարձակապէս չեն համարում օգտակար:
Հարցազրոյցի ընթացքում դեսպանը չի խուսափել պատասխանել Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան, փախստականների վերադարձի իրաւունքի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման վերաբերեալ հարցերին, մասնաւորապէս նկատելով, Գանատան բացարձակապէս յանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին։ Գանատական կողմն արդէն տրամադրել է մօտ 4 միլիոն տոլարի մարդասիրական օգնութիւն Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի եւ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Մարդու իրաւունքների խորհրդի միջոցով:
Ինչպէս ասուեց, նախարար Ժոլիի այցի ընթացքում վերջինս ուղղակիօրէն հանդիպել է փախստականների հետ՝ լսելու նրանց պատմութիւնները: Վերջերս փախստականներին հանդիպել է նաեւ Գանատայի կանանց, խաղաղութեան եւ անվտանգութեան հարցերով դեսպան Ժագլին Օ’Նիլը։
Ամենակարեւորը, ըստ դեսպանի, այն է, որ Գանատան շարունակում է հետեւողականօրէն պաշտպանել արցախցի փախստականների վերադարձի իրաւունքը․ «Այդ իրաւունքը պէտք է յարգուի, եւ եթէ մարդիկ ընտրում են վերադառնալ մշտական հիմունքներով կամ ժամանակաւորապէս՝ անձնական իրեր հաւաքելու կամ գոյք վաճառելու համար, նրանց ընտրելու իրաւունքը՝ վերադառնալու, պէտք է բացարձակապէս յարգուի»:
Անդրադառնալով խաղաղութեան գործընթացին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցին, ինչպէս նաեւ մշակութային ժառանգութեան պահպանմանը, դեսպանը արձանագրել է, որ այդ խնդիրները հետեւողականօրէն բարձրացւում են ոչ միայն Հայաստանի հետ քննարկումների ժամանակ՝ պարզելու, թէ ինչպէս կարող են աջակցութիւն ցուցաբերել, այլեւ Ատրպէյճանի ու Թուրքիայի հետ դիւանագիտական երկկողմ յարաբերութիւններում, ինչպէս նաեւ բազմակողմ յարաբերութիւններում։
Գանատան բազմիցս եւ հետեւողականօրէն բարձրաձայնել է Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման անհրաժեշտութեան հարցը։ Ըստ դեսպանի, նրանք դա արել են ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ՝ ԵՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակներում, եւ քննարկումներ են ունեցել այն մասին, թէ ինչպէս կարող են դեր խաղալ մշակութային ժառանգութեան պահպանման գործում: Յատկանշական է, որ Արցախի մշակութային ժառանգութեան նկատմամբ Պաքուի բարբարոսական վերաբերմունքը դեսպանը համեմատել է թալիբների պահուածքի հետ, երբ վերջիններս ոչնչացրել են Բամիանի յուշարձանները Աֆղանստանում, նկատելով որ դա լաւ չի անդրադարձել թալիբենրի վրայ:
Յատուկ ուշադրութեան է արժանի հարցազրոյցի այն հատուածը, որտեղ քննարկման հիմնական թեման վերաբերում է Հայոց ցեղասպանութեանը։ Դեսպանը կարծում է, որ Հայոց ցեղասպանութիւնը պատմական փաստ է, եւ այն չի կարելի հերքել։ Դրա վերաբերեալ ցանկացած լուրջ պատմական հետաքննութիւն կը պահանջի ընդամէնը մի քանի րոպէ՝ ցոյց տալու համար, թէ որքան ճնշող են ապացոյցները: Որպէս Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկիր՝ Գանատան բացարձակապէս խրախուսում է բոլոր երկրներին հետեւել այդ օրինակին։
Գանատայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնում աշխատելով որպէս Արեւելեան Եւրոպայի եւ Եւրասիայի բաժնի տնօրէն՝ դեսպանը կանոնաւոր հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումներում նա պարբերաբար հանդէս է եկել Թուրքիայի կողմից այն ճանաչելու օգտին: Ըստ նրա, շատ օրինակներ կան, թէ ինչպէս կարող են այն երկրները, որոնք կարողանում են հաշտուել իրենց պատմութեան մութ էջերի հետ օգուտ քաղել եւ առաջ շարժուել: Կարելի է ուղղակիօրէն վկայակոչել Գանատայի սեփական փորձը՝ բնիկ բնակչութեան նկատմամբ բացարձակապէս սարսափելի եւ երբեմն ցեղասպան վերաբերմունքի մասին: Դիւանագէտի կարծիքով Գանատայի պատիւն է, որ առերեսւում են պատմութեան հետ եւ պաշտօնապէս ներողութիւն խնդրում՝ առաջ շարժուելու եւ հասցուած վնասը փոխհատուցելու համար:
Ըստ Թըրնըրի, Թուրքիայի տեսանկիւնից, տեղի ունեցածի ճանաչումը երկարաժամկէտ հեռանկարում օգուտներ կը բերի, ոչ միայն Օսմանեան կայսրութեան օրօք տեղի ունեցածի ըմբռնման առումով, այլ այնուհետեւ Թուրքիային հնարաւորութիւն կը տայ առաջ շարժուել եւ ամրապնդել կապերը Հայաստանի հետ։
Ակնյայտ է, որ բոլոր երկրների, այդ թւում՝ Թուրքիայի դէպքում, սա սուվերեն որոշման հարց է։ Սակայն Գանատան շատ յստակ յայտնել է իր դիրքորոշումը եւ կը շարունակի աջակցել այլ պետութիւնների կողմից ճանաչմանը:
Ըստ դեսպանի, ինքը շատ ուժեղ անձնական կապուածութիւն ունի այս կարեւոր խնդրի հետ: Որպէս պատմաբան՝ նա առնչուել է Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը, մինչ դիւանագիտական կորպուսին միանալը հնարաւորութիւն է ունեցել ուսումնասիրել եւ ելոյթ կազմել գանատացի մի սենատորի համար, ով հանդէս էր եկել Հայոց ցեղասպանութեան ճանաչման օգտին: Ըստ իրեն, դա իր համար մեծ հպարտութիւն է:
Այսպիսով, ամփոփելով եզրայանգենք, որ ներկայումս ի դէմս Գանատայի, Հայաստանը միջազգային յարաբերութիւններում ունի վստահելի գործընկեր, ում հետ յարաբերութիւնների զարգացումը ռազմավարական գործընկերութեան մակարդակի բարձրացնելը լիովին իրատեսական գործ է։ Դրա համար առկայ են բոլոր հնարաւորութիւնները՝ սկսած Հայաստանին վերաբերող գոյութենական կարեւորութեան հարցերում գանատական սկզբունքային դիրքորոշումից մինչեւ գանատահայ աշխոյժ համայնքի ակտիւ սատարումը։ Գանատահայ համայնքը, հաւատարիմ իր առաքելութեանը, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների ներկայ ամօթալի, պարտուողական ու աղետաբեր կեցուածքի պայմաններում շարունակում է խթանել երկկողմ յարաբերութիւնների զարգացումը՝ այն նպատակադրմամբ, որ հայրենիքի օրուայ իշխանութիւնները անցողիկ են, իսկ ազգային պետական շահը՝ մնայուն։
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Հորիզոն