Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարածաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։
Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված նամակով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը կոչ է արել հետաքննել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանային դիվանագիտության մեջ բազմակի, հիմնարար և կրկնվող ձախողումները` նախորդ տարվա սեպտեմբերին, դրանից առաջ և հետո՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող հարձակումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի ժամանակ: Հետաքննությունը կվերանայի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ ներքոշարադրյալ թերությունները վերացնելու համար՝
• Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության օրենսդրական խախտումների չկանխարգելելը։
• Ադրբեջանի կողմից գործածված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան պահեստամասերի հայտնաբերման հետ կապված՝ ամերիկյան արտադրողներին, թուրքական կառավարությանը և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին պատասխանատվության չենթարկելը, ինչն ամերիկյան օրենսդրության խախտում է։
• Օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, այդ թվում՝ Սիրիայից եկած ջիհադիստների հավաքագրման և Արցախի դեմ ադրբեջանական ուժերի կողմից օգտագործման համար Թուրքիային պատասխանատվության չենթարկելը։
• Արցախի դեմ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և արգելված այլ զինամթերք օգտագործելու համար Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
• Հայ ռազմագերիների անօրինական պահման, խոշտանգումների և նույնիսկ սպանությունների համար Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
• Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և օկուպացիայի համար Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության չենթարկելը:
• Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի խաղաղ լուծման գործում ԱՄՆ շահերը համարժեք չներկայացնելու առումով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ձախողումները։
• ԱՄՆ կառավարության նախապես իմացության և/կամ Ադրբեջանի հարձակման մասին նախազգուշացման ձախողումները։
• Իրենց բնօրրանից տեղահանված ավելի քան 100․000 հայերին համարժեք մարդասիրական օգնության չտրամադրելը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական անհաջողությունների հետևանքների վրա՝ նկատելով, որ «ԱՄՆ-ի ներգրավվածության ձախողումը տարածաշրջան է հրավիրել չարագործ դերակատարների, որոնցից առաջինը Թուրքիան է, որը բռնի կերպով փորձում է նախագծել Կովկասի ապագան։
Րաֆֆի Համբարյանի նամակի անգլերեն տեքստը հասանելի է հետեւյալ հղմամբ՝
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
08.10․2021 թ.