Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
News.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հրաժարականը նույնպես առնչություն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ վերջին շրջանում ստեղծված զարգացումների և դրան հաջորդած էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների պաշտոնանկությունների հետ:
Բանն այն է, որ գործող կարգի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրին պետք է հավանություն տա նաև Էկոնոմիկայի նախարարությունը, ինչից հետո ծրագիրը կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին հավանություն տալու խնդիրն էլ պատճառ է դարձել էկոնոմիկայի նախարարի տեղակալի հրաժարականի:
Հիշեցնենք, որ Տերտերյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2021թ. ապրիլին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս, վարչապետի հոկտեմբերի 11-ի որոշմամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Բարձրաստիճան պաշտոնայների հրաժարականները պայմանավորված են Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, մասնավորապես էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների, այդ թվում ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ տևական ժամանակ է իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունից «խլելու» հարցը։
Ուշագրավ է, որ երեք պաշտոնյաների հրաժարականներից օրեր առաջ ՝ հոկտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
Փաշինյանը պատասխանատուներին տվել էր հստակ հանձնարարականներ, որոնք, ինչպես պարզվեց, ոչ բոլորն են համաձայնել կատարել: