Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարոն Սիմոնյանը վերջին շտրիխներն է անում «Լուսավոր Հայաստանի» դիմումի վրա, որը ներկայացնելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ ընդունած Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը։
«Ես հենց նոր ավարտեցի մշակման աշխատանքները․ դիմումը պատրաստ է, մեր ձեռքի տակ է»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Ի տարբերություն ԲՀԿ-ի ներկայացրած մեկ ուղղության, ասաց նա, այստեղ բողոքարկվող ուղղություններն ավելի շատ են, կոնկրետ՝ 4-ը․
Առաջինը՝ վեճն է սահմանադրական մարմինների միջև, այսինքն, արդյո՞ք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմելու ՍԴ Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարցով երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ,
Երկրորդը՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասն է, որը հայեցողական իրավունք է տալիս ԱԺ-ին չդիմելու․ ԼՀԿ-ն գտնում է, որ դա խախտում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ գրված է, որ ԱԺ-ն պետք է դիմի,
Երրորդն այն է, որ Սահմանադրության 213 հոդվածում կատարելով փոփոխություն, ըստ էության, ԱԺ-ն փոփոխություն է կատարել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման տակ գտնվող հարցերի մեջ՝ դատարանակազմություն և այլն, ինչի իրավունքը չուներ, դա միայն հանրաքվեով կարելի էր անել․ հետևաբար, դա ևս լիազորությունների սահմանազանցում է,
Չորրորդը՝ ՀՀ նախագահը և ԱԺ-ն՝ երկուսը միասին, զրկել են ՀՀ նախագահին Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու սահմանադրական լիազորությունից, ինչի իրավունքը չունեին։
«Լուսավոր Հայաստանն» անփոփոխ է մտադրության մեջ ՍԴ դիմել հուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո։ Քոչարյանի պաշտպանների՝ դիմումները հետ վերցնելու գործընթացը նրանց չի համոզել մոտեցնել ժամկետը։
«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քաղաքական քայլ արեցին, որովհետև իրավական առումով նրանց՝ դիմում հետ վերցնելը, որևէ ձևով չի կասեցնում գործի քննությունը։ Որովհետև այդ գործը ներկայացվել է և՛ իրենց դիմումով, և՛ առաջին ատյանի դատարանի դատավորի դիմումով։ Հետևաբար, այդ երկու սուբյեկտները միաժամանակ պետք է հետ կանչեն իրենց դիմումները, ու դրանից հետո ՍԴ-ն պետք է նիստ գումարի, որոշի՝ շարունակո՞ւմ է գործի քննությունը, թե՞ ոչ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ չի շարունակում գործի քննությունը, հենց հաջորդ օրը մենք դիմումը կներկայացնենք»,-ասաց նա։
Տարոն Սիմոնյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցության հետ կա համաձայնություն, որ ստորագրություններով միանան նաև ԼՀԿ-ի դիմումը ներկայացնելիս։ Այս դիմումն ու ԲՀԿ-ի ներկայացրածը, իրավաբան-պատգամավորի համոզմամբ, միմյանց չեն խանագարի․ «Նախ, չգիտենք, ՍԴ-ն ԲՀԿ-ի նախորդ դիմումը քննության առնելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ ստորագրությունները 26-ն են։ Բայց, ամեն դեպքում, երկրորդ դիմումը չի խանգարում, կարող է լրացում դիտարկվել կամ լրիվ նոր դիմում»։
Այս գործընթացին զուգահեռ՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայրենիքը» հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազին։ Հանցակազմը սահմանադրական կարգի տապալումն է։ Ի՞նչ է մտածում «Լուսավոր Հայաստանը»։
«Քանի որ հարցը մաքուր իրավաբանական է, մաքուր իրավաբանական պատասխան էլ կարող եմ տալ․ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի հետ կապված հիմա ամբողջ աշխարհում մենք հստակ փորձ չունենք, որ կարողանանք ասել, թե որ գործողություններն են կազմում այդ հանցակազմի տարրերը և որոնք չեն կազմում դրա տարրերը»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ մի այդպիսի գործ հիմա մեր դատական համակարգում քննվում է՝ ՀՀ երկրորդ նախագահի գործը, որն անավարտ է, հետևաբար, հիմա խիստ մասնագիտական տեսանկյունից ասել, թե որ գործողություններն են սահմանադրական կարգի տապալման հանցակազմի մաս կազմում, որոնք՝ ոչ, դժվար կլինի։
«Հիմա քաղաքական ուժերը դիմել են դատախազություն, ենթադրում եմ, դատախազությունը իրավական գործընթաց կսկսի, համապատասխան որակումներ կտա և դա մեզ համար հիմք կլինի հասկանալու, թե սահմանադրական կարգի տապալումը ինչպես է հասկանում մեր դատախազությունը»,-ասաց ԼՀԿ պատգամավորը։
Գործընթացին քաղաքական որակում տալ նա սխալ համարեց, քանի որ այն իրավական է։ Թեև համաձայն է, որ սոցիալական կյանքի բոլոր ոլորտները փոխկապակցված են, բայց, Տարոն Սիմոնյանի համոզմամբ, երբ մի երևույթը շատ է գերագնահատվում, վնաս է տալիս։
«Մեզանում, իհարկե, իրավաբանությունը երկրորդ, երրորդ, չորրորդ պլան է գնացել և քաղաքականությամբ կարելի է այնպիսի մանիպուլյացիաներ անել, որ մոռանանք ընդհանրապես իրավական պետության գաղափարի մասին։ Հիմա, փաստացի, այդպիսի գործընթացներ տեղի են ունենում՝ օրինակ, Սահմանադրության փոփոխությունների ամբողջ գործընթացը։ Այս տեսանկյունից, մաքուր իրավական գործընթաց հիմա դժվար կարելի է նկատել, բայց պետք է պայքարենք, որ իրավաբանությունը շատ չստվերվի քաղաքականությամբ, որ արդյունքում չհիասթափվենք անգամ իրավաբանությունից»,-ասաց նա։
Այդ դեպքում, ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չի միանում կոնսոլիդացման գործընթաց սկսած ուժերին՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և «Հայրենիքին»․ Տարոն Սիմոնյանն ասաց՝ միավորվել կարելի է ոչ թե ուժերին, այլ օրակարգի շուրջ։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու և արտահերթ ընտրություններ անցակացնելու օրակարգը ԼՀԿ-ի համար ընդունելի չէ։
«Չեմ կարծում, որ հիմա արտահերթ ընտրությունների ժամանակն է՝ հատկապես այս կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ժամանակ։ Պետք է հասկանանք, որ այս ԱԺ-ն բացառիկ լեգիտիմությամբ ընտրված ԱԺ է և հիմա շատ արհեստական օրակարգով մտցնել ԱԺ նոր ընտրությունների հարցը, կարծում եմ, նպատակահարմար չէ։ Այն, որ կառավարությունը չի կարողանում իր աշխատանքները արդյունավետ կատարել, բոլորս ենք տեսնում և դրա համար պետք է հրաժարականի պահանջ ներկայացվի կոնկրետ ոլորտի պատասխանատուներին, ինչը, օրինակ, մենք կատարել ենք բազմիցս և աշնանային նստաշրջանում էլի ենք կատարելու»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Աշնանը ԼՀԿ-ն նման գործընթաց կսկսի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ․ հարցապնդում արդեն ուղարկել են նախարարություն, նախարարը պետք է գա ԱԺ, բացատրություն տա, թե այս երկու տարիներին ի՞նչ է արել, որի արդյունքը ոչ մի կերպ չի երևում։
ԼՀԿ-ն համարում է, որ ձախողել է նաև Առողջապահության գերատեսչության ղեկավար անձնակազմը, Էկոնոմիկայի գերատեսչության ղեկավար անձնակազմը և այլն․ «Ոլորտները ձախողած նախարարներին պետք է ասենք՝ լավ աշխատեք»։
Վարչապետի հրաժարականի հարց «Լուսավոր Հայաստանի» օրակարգում չկա․ եթե լինի՝ տեղյակ կպահեն։
«Բայց ամեն անգամ, ընտրությունից մեկ-երկու տարի անց, երբ բողոքում ենք կառավարության աշխատանքից, դա չի նշանակում, որ պետք է հրաժարական պահանջենք։ Կստացվի, որ քաղաքական միջավայրի անկայուն փուլ ենք մտնում անընդհատ, որը չի նպաստում երկրի զարգացմանը»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Նրա դիրքորոշումն այն է, որ ժողովուրդը պետք է տեսնի՝ իր ընտրյալները ինչպես են կառավարում երկիրը․ 5 տարին բավարար է, որ հասկանա՝ իր ընտրած մարդիկ ունա՞կ են կառավարելու, թե՞ ոչ։
Հետևելով վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, որ հաջորդ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն միայն այն քաղաքական ուժերը, որոնք սատարել են 2018-ի իշխանափոխությանը, Տարոն Սիմոնյանը զգում է, որ իշխանության կողմից ամենամեծ հարվածը տրվել է հենց իրենց, երբ ԼՀԿ խմբակցության ղեկավարին ֆիզիկական բռնության ենթարկեցին ԱԺ ամբիոնի առջև․ «Դրանից այն կողմ բացասական զգացողություն մարդ չի կարող ունենալ»։
Այն, ինչ արվում է իշխող թիմի կողմից ամենաբարձր մակարդակով, նրա համոզմամբ, շատ դեպքերում որևէ ողջամտության մեջ չի տեղավորվում, բայց, ասում է, պետք է հասկանանք, որ էլի գնահատողը ժողովուրդն է։
ԼՀԿ խմբակցության ղեկավարի դեպքում հարվածը երկկողմանի է՝ ոչ միայն իշխող թիմի, այլև ՀՀԿ ներկայացուցչի կողմից։ Տարոն Սիմոնյանը երկու կողմից հարված ստանալը բնական է համարում, քանի որ, ասում է, ոչ մեկի օրակարգով չեն շարժվում, այլ սեփական, որը ուժեղ պետականությունն է, իրավունքի գերակայությունը։
«Ով համարձակվի այդ իրավունքի գերակայության վրա ոտքերը սրբիել, մենք ընդդիմանալու ենք այդպիսի մարդկանց և հեռացնելու ենք քաղաքական համակարգից»,-հայտարարեց Տարոն Սիմոնյանը։
Նրա համոզմամբ, այսօրվա իշխանությունը ամեն օր իրավունքի գերակայության վրա ոտքերը սրբում է, իսկ մերժված ՀՀԿ-ն առիթը բաց չի թողնում, որ շահարկի ինչ-որ գործողություններ՝ իրենց անձնական, կլանային շահերը առաջ տանելու համար։
«Երբ մեր գործողությունները բխում են իրավունքի գերակայությունից, երկուսն էլ թշնամաբար են վերաբերվում։ Բայց մենք չենք նայելու՝ ով է թշնամաբար վերաբերվում, մենք նայելու ենք կոնկրետ նպատակին, որն է՝ իրավունքի գերակայությունը և իրավական պետությունը»,-ասաց ԼՀԿ պատգամավորը։
Երրորդ բևեռի՝ կոնսոլիդացված ընդդիմության, հետ համագործակցության հնարավորության մասին Տարոն Սիմոնյանն ասաց, որ, ընդհանրապես, քաղաքական համակարգում ոչ մի բան չի կարելի բացառել, բայց իրենք չեն համագործակցելու ընդդեմ ինչ-որ մի այլ ուժի, այլ համագործակցելու են հանուն ինչ-որ գաղափարի և նպատակի։
Այս օրերին երկրի իրավաքաղաքական օրակարգը գրաված գործողությունները, Տարոն Սիմոնյանի համոզմամբ, չեն տանում դեպի երկրի զարգացում, այլ միայն ներքին անկայությունն են խրախուսում և շատացնում։
«Մենք ունենք մարտահրավերներ երկրի առջև ծառացած՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած Արցախի հիմնախնդրով, որոնք մղված են երկրորդ պլան և զբաղվում ենք ոչ առաջնահերթ հարցերով»,-ասաց նա։
ՍԴ շուրջ աղմուկը, նրա համոզմամբ, անտրամաբանական է, քանի որ նույն վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով․ «Ես էլ դրա անդամ եմ, ու մենք նստած մտածում ենք, թե նոր Սահմանադրությամբ պետական մարմիններն ինչպես կարգավորվեն, որ ավելի արդյունավետ աշխատեն, այդ թվում՝ ՍԴ-ն։ Այսինքն, ավելի համակարգային գործընթաց հիմա գնում է։ Եվ ձեռքի հետ նման գործողություններ կատարել, խառնել ամբողջ քաղաքական համակարգը, անառողջ մթնոլորտ ձևավորել, ես չեմ գտնում, որ նպաստում է մեր պետականաշինությանը, հակառակը, կարող եմ համոզված ասել, որ քաղաքական համակարգը տանում է դեպի ավելի վատ միջավայր»։
Տարոն Սիմոնյանը չի կարծում, թե՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողությունները արդարացված են, հատապես հաշվի առնելով, որ իր հեղինակած Սահմանադրությունից խուսափելով՝ մեկ շաբաթ շուտ նշանակվեց ՍԴ դատավոր, բայց այդ գործողությունները անարդարացի համարելով՝ այդ մարդուն շատ ավելի անարդարացի գործողություններով հեռացնելը նա անթույլատելի է համարում․ դա, նրա համոզմամբ, պետք է կատարվի բացառապես օրենսդրության շրջանակներում։
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատող՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները հապաղում են ՍԴ շուրջ իրարանցման պատճառով։
Տարոն Սիմոնյանն ասաց, որ ԼՀԿ-ի բոյկոտը կավարտվի Սահմանադրության փոփոխության նիստերի ավարտի հետ․ նրանք կոնկերտ ա՛յդ նիստերին չեն մասնակցում, քանի որ համարում են, որ հակասահմանադրական գործընթաց է, մյուսներին մասնացելու են։
Աննա Բալյան