կարևոր
19396 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-30 20:56
Արցախ

Հայության նկատմամբ Ադրբեջանի ռազմականացված ռասիզմի քաղաքականությունը հանգեց փուլային ցեղասպանության

Հայության նկատմամբ Ադրբեջանի ռազմականացված ռասիզմի քաղաքականությունը հանգեց փուլային ցեղասպանության

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«4 տարի առաջ այս օրերին, տարիներ շարունակ ծայրահեղ ռասիզմի ախտով վերարտադրված ադրբեջանական վարչակարգը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Պատերազմի սանձազերծումը փաստացի և վերջնական հրաժարում էր խնդրի խաղաղ կարգավորման երկարամյա գործընթացից, որում շարունակաբար Ադրբեջանը վարել է փոխհամաձայնության ձեռքբերման հնարավորությունների տապալման քաղաքականություն։ Այսպիսով Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում էր միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կառուցված գործընթացները, այլ միջազգային կազմակերպությունների և միջնորդների ջանքերը՝ հաստատելու արդարացի խաղաղություն՝ մարդու իրավունքների գերակայության հիման վրա։

44-օր տևած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը դիմել է բազմաթիվ ռազմական հանցագործությունների՝ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, արգելված զինատեսակների կիրառմամբ, խոշտանգումների, ցուցաբերված հատուկ դաժանության և այլն։ Ադրբեջանական բանակի գործողությունները հանգեցրին ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերի հայության բռնի տեղահանմանը։ 

Սակայն հայության նկատմամբ ադրբեջանական ռասիզմն ամենևին 44-օրյա պատերազմով չհանգուցալուծվեց, այլև շարունակվեց թե՛ հայ փախստականների վերադարձի գործընթացի չնախաձեռնման, թե՛ հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկ ոչնչացման և հայության նկատմամբ համակարգային ահաբեկչության։ Այս գործընթացն իր գագաթնակետին հասավ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների և դրանց հետևած էթնիկ զտման ու բռնի տեղահանման արդյունքում, երբ փաստորեն Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայությունը զենքի սպառնալիքի տակ հարկադրված էր լքել իր բնակավայրերը։ Վերջին տարիներին հայության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը կարելի է բնորոշել որպես ռազմականացված ռասիզմի քաղաքականություն, որի տրամաբանությունը հանգում է փուլային ցեղասպանության իրականացման։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խոնարհումն է հայտնում 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների պայծառ հիշատակին։ Ռազմական անհավասար պայքարում հայ զինվորների սխրագործությունները դեռ շատ երկար կմնան հայոց ռազմարվեստի պատմության մեջ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմը, 2023 թ․ սեպտեմբերյան պատերազմը հանգեցրին հայ փախստականության նոր՝ հսկայական ալիքի առաջացմանը։ Առ այսօր հայ փախստականների խնդիրները օրակարգային են, որոնք պահանջում են շուտափույթ և արդարացի լուծում։ Այս խնդիրը օրգանապես կապված է ադրբեջանական ռասիզմի և 1988-1992 թթ․ հայության նկատմամբ ագրեսիայի խնդրին։ 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցը հերթական առիթն է համաշխարհային հանրության առջև բարձրաձայնելու ադրբեջանական հանցանքների մասին, որոնք միանաշանակ կարելի է մեկնաբանել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ 

Այս պատերազմը և դրանից սկսված հակահայկականության ռազմական դրսևորման նոր փուլը լուսաբանման, հանրայնացման խիստ կարիք ունի, քանի որ այդ հանցագործությունները պատասխանատվության ենթարկվելու կարիք ունեն»։