Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականից առ այսօր պետական մարմինները ձեռք-ձեռքի տված աչք են փակում ապօրինի գործող Սեւան-Երեւան միջքաղաքային ուղեւորափոխադրման վրա։ Թեեւ «հեղափոխական» իշխանությունն անընդհատ խոսում է կոռուպցիայի դեմ «աննախադեպ» պայքարի մասին, սակայն միայն մեկ մասնավոր դեպքով երեւում է, թե ինչպես են իրար պասեր տալով պետական տարբեր մարմինները հովանավորում ապօրինի բիզնեսը։
Սեւան-Երեւան գրանցված ուղևորափոխադրողին զուգահեռ արդեն 6 տարի է, ինչ գործում է չլիցենզավորված կանոնավոր ուղեւորափոխադրում, որը տասնյակ տրանսպորտային միջոցներով քաղաքացիներին տեղափոխում է Սեւան քաղաքից Երևան եւ հակառակ ուղղությամբ։ Երևան - Սևան երթուղին սպասարկող «Ավտոփայլ» ՍՊԸ-ի դեղին համարներով գազելներից բացի ապօրինի ուղեւորափոխադրումներ են իրականացնում նաեւ սեւանցի գործարար Արա Սմբատյանին պատկանող «Գազելները» եւ Մերսեդես սպրինտերները։ Սմբատյանը Սեւանի ալրաղացի կոմբինատի նախկին տնօրենի որդին է, 2016թ. մասնակցել է Սեւանի քաղաքապետի ընտրություններին։ 6 տարվա ընթացքում Սմբատյանի ապօրինի բիզնեսը ծաղկում է, երթուղայինները 20 րոպեն մեկ շարժվում են մետրոյի Երիտասարդական կայարանի մոտից։
Մեր նկարահանող խումբը մեկնել է նաեւ Սեւան, փաստացի կայարանի դիմաց նկարահանեցինք վարորդներին, որոնք խոստովանեցին, որ կանոնավոր չվեչթներ են իրականացնում։
Արա Սմբատյանին պատկանող բացահայտ ապօրինի բիզնեսը ծաղկում է իրավապահների աչքի առաջ։ Դիսպետչերանոցի դիմաց մեծադիր պաստառ է դրված՝ «Սեւան-Երեւան» գրությամբ, վճարը՝ 700 դրամ, ճիշտ այնքան, որքան օրինական գծի պարագայում։ Ակնհայտ է, ու Սմբատյանի ապօրինի բիզնեսը չի կարող գործել առանց պետական մարմիններում հովանավորների։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ չգրանցված կանոնավոր ուղեւորափոխադրումների փաստը մի քանի անգամ արձանագրել է ոլորտը վերահսկող Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ մի քանի անգամ վարչական արձանագրություն կազմելով եւ խախտումների մասին տեղեկացնելով ՊԵԿ-ին: Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվել։
Նշված Տեսչական մարմնից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2019 թվականից այս փաստով կազմվել են շուրջ 20 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ուշագրավ է, որ չնայած նրան, որ երթուղում ուղեւորափոխադրում են իրականացնում ոչ թե տաքսիներ, այլ միկրոավտոբուսներ, բայց տեսչականը չտեսնելու է տվել դրանք եւ վարչարարություն է իրականացրել միայն փոքր՝ 5-7 տեղանոց մեքենաների դեպքում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ «….Վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսու տարբերանշան չունեցող տրանսպորտային միջոցների նկատմամբ` Տեսչական մարմինը հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենքի 16-րդ հոդվածը, դիմել է ՀՀ ՊԵԿ՝ փոխօգնության հայտի հիման վրա համապատասխան գործառույթներ իրականացնելու համար։ Այսպես, Տեսչական մարմնի կողմից 26․11․19թ․ ՀՀ ՊԵԿ գրություն է ուղարկվել թվով 36 տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ 27․09․2023 ՀՀ ՊԵԿ է տրամադրվել թվով 31 տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվություն»:
Հետաքրքիր է, որ արդեն մեր հարցումից 3 օր անց՝ մարտի 15-ին, ՊԵԿ-ին է տրամադրվել թվով 33 նոր տրանսպորտային միջոցի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն՝ կրկին փոխօգնության հայտի հիման վրա համապատասխան գործառույթներ իրականացնելու համար։ Այսպիսով՝ Տեսչական մարմինը փաստում է, որ ապօրինի ձեռնարկատիրություն է իրականացվում Սեւան-Երեւան երթուղում:
Ինչ վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեին, ապա մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ «Ռաֆիկ Սմբատյան» ՍՊԸ-ին պատասխանատվության են ենթարկել հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասով: Իսկ նշված «պատասխանատվությունն» ընդամենը տուգանք է 500 հազար դրամի չափով։ Թե քանի օրում կլրացնի այդ գումարը «Ռաֆիկ Սմբատյան» ՍՊԸ-ն՝ թող դատի ընթերցողը, և արդյո՞ք դրանից հետո այն վերստին չի շարունակի իր ապօրինի գործունեությունը: Վերջին հարցադրման պատասխանը կստանանք շուտով՝ հետամուտ լինելով խնդրին:
Փաստացի՝ ՊԵԿ-ը հաստատել է, որ տեղյակ է եղել ապօրինի ձեռնարկատիրության մասին եւ, միանգամայն չի բացառվում, որ հարցին իրավական ընթացք կարող է և չտրվեր և այդ ձևական տուգանքն անգամ չլիներ, եթե չկռահեին, որ մեր կողմից շուտով հանրայնացվելու է ապօրինության փաստը:
Մենք հետեւողական ենք լինելու Սեւան-Երեւան ապօրինի ուղեւորափոխադրումների ուսումնասիրության հարցում, ինչպես նաեւ ուսումնասիրելու ենք այլ մարզային քաղաքների հետ ուղեւորափոխադրումների ոլորտում առկա հնարավոր չարաշահումները։