կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-14 12:38
Քաղաքական

Օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք. խորհրդարանն ընդունեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքը

Օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք. խորհրդարանն ընդունեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը:

Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցատախտակն ու հնչած թվերը չեն համապատասխանում իրականությանը։ «Այստեղ գրված է` 86 կողմ, դուք հայտարարում եք` 95, ու ես ներկա եմ եղել մի միջավայրում, որտեղ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում եք։ Էդ ծրարներով քվեարկության պրակտիկան հակասահմանադրական է։ Ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցին», - նշեց նա։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ պատասխանեց, որ ամեն անգամ այսուհետ կհնչեցնի, որ 6 պատգամավոր գործուղման մեջ է ու ձայնի իրավունքը գրավոր ձևով փոխանցել է իրեն։ «Կհորդորեմ, որպեսզի լուրերը պատշաճ լուսաբանվեն, ու հանրությունն իմանա, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորի ձայնն ապահովված է»,- ասաց նա։

Օրինագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով:

Նախագծով կառավարությունն առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվներն առևտրային բանկերից տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան: Յուրաքանչյուր ծրագրի կվերագրվի մեկ կոնկրետ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, այսինքն՝ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կվերագրվի մեկ պետական մարմնի, և դրա արդյունքների համար պատասխանատուն կլինի այդ մարմինը: Բազմամյա ծրագրերի դեպքում բյուջեի փաստաթղթում կներկայացվի նաև այդ ծրագրերի ընթացքը բնութագրող տեղեկատվությունը: Կառավարությանը հնարավորություն է տրվում իր կողմից հիմնադրած հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների հաշիվների վարումը ևս ունենալ գանձապետարանում: