Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։ Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։
Հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։ Սա Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվեցին մեկնաբանել։
Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնատար անձինք:
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որ ավելի քան երկու տարի դատարանում է։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է Մամիկոն Ասլանյանին չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել: Ի տարբերություն նախկին համայնքապետի՝ ճարտարապետ Սուրեն Աբովյանը որևէ օր անազատության մեջ չի անցկացրել ու քրեական գործին զուգահեռ շարունակել է պաշտոնավարել Վանաձորի համայնքապետարանում։
Դեռ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին նաև համայնքապետարանի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինը, ինչպես նաև Առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժինը, որից հետո քրեական վարույթ էր հարուցվել։ Իրավապահների կասկածներն այս դեպքում էլ վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ այսօր այս գործով ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ Հակակոռուպցիոնը որևէ մանրամասներ է հրապարակում։
Հայտնի է միայն, որ ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել արդեն վերջին տարիներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օրոք։