կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 18:07
Տնտեսական

«Գլորիա» կարի ֆաբրիկայի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները կերկարաձգվեն

«Գլորիա» կարի ֆաբրիկայի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները կերկարաձգվեն

Կառավարությունը վաղը որոշում կընդունի, որով կթույլատրի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը:

 

Այս որոշումով կառավարությունը, ըստ ներկայացված որոշման նախագծի, ընկերության կողմից իրականացվող գործունեության կայունությանը և շարունակականությանը նպաստելու նպատակ ունի. Նախագծի ընդունումը թույլ կտա երկարաձգել Ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված մեքենասարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները, որի արդյունքում կառավարությունն ակնկալում է, որ կավելանան ընկերության արտահանման ծավալները, կպահպանվեն առկա աշխատատեղերն, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր:

 

«Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատում է իտալական «SARTIS» ֆիրմայի պատվերով' կատարելով կարի ծառայություններ և արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունն իր գործունեությունը հիմնականում ծավալում է տոլինգային եղանակաով' «SARTIS»-ի պատվերների հիման վրա, որի համար հումք ու նյութերը ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում' վերամշակման համար» մաքսային ռեժիմով, իսկ այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք աարտադրելու համար' ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

 

«SARTIS»-ի հետ համագործակցությունը կրում է փոխշահավետ բնութ, նշվում է կառավարության կողմից, և ներկայումս պայմանագիրը երկարաձգվել է ևս հինգ տարի ժամկետով, ինչը հնարավորություն է տալիս ընկերությանը կազմել երկարաժամկետ ծրագրեր' ուղղված ձեռնարկության ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 

Ընկերության կայուն գործունեության անհրաժեշտությունը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այն ուղղված է հանրապետության տարածքային համաչափ զարգացմանն ու մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը: Ընկերության աշխատակիցների 90%-ը կանայք են:

 

«Հաշվի առնելով ընկերության դերը ՀՀ Լոռու մարզի արդյունաբերության զարգացման գործում և կարևորելով մարզում աշխատատեղերի ստեղծման ու պահպանման հարցում պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը' ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրական է գնահատում ընկերության ծրագրային նկարագիրը և նպատակահարմար է գտնում «Ժամանակավոր ներմուծում»  մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը դիմողի կողմից խնդրարկված ժամկետով»,- նշվում է վաղը կառավարության հաստատմանը ներկայացվելիք որոշման նախագծում: