Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարինա Սեմյոնովան երեք փոքրիկ զավակների և ընտանիքի հետ Արցախից տեղահանվել է սեպտեմբերի 29-ին։ Հայաստանի Հանրապետությունում հայտնվելուց հետո միանգամից սկսել են աշխատանքի փնտրտուքը՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։
Ունի բարձրագույն կրթություն, բայց մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ Արցախում մինչև տեղահանվելը աշխատում էր որպես խոհարար, հուշակագործ։
-Իմ տեղը չգտնելով այս մեծ երկրում՝ ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց մասնակցել մի դասընթացի, որը կազմակերպել է APY-ն «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրը զբաղվածության եւ ձեռնարկատիրության մասին էր։ Այդ ծրագրին մասնակցելուն պես, բացի փափուկ հմտությունների գիտելիքներից, մենք ստացանք նաեւ գաղափարը բիզնեսի վերածելու մասին գիտելիքներ։ Բոլորը կարծում են, թե բիզնեսը հեշտ բան է,- ասում է Մարինան և հավելում,- միայն խորը ուսումնասիրելով ես պատկերացնում, որ՝ չէ, պահանջում են շատ խորը գիտելիքներ այն ստեղծելու համար։
Երեք անչափահաս երեխաների մայրը ՀՀ-ում ուզում է բացել արցախյան թոնրի հացի խանութ, որտեղ արտադրվելու և վաճառքի են հանվելու նաև արցախյան մի շարք այլ հրուշակեղեն եւ թխվածքներ։
Խթանելով բռնի տեղահանված բնակչության հոգեբանական բարեկեցությունը եւ սոցիալ-տնտեսական ներառումը
«Խթանելով բռնի տեղահանված բնակչության հոգեբանական բարեկեցությունը և սոցիալ-տնտեսական ներառումը»-ը ծրագիրն https://www.facebook.com/APYpage իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և Իմփաքթ Հաբ Երևանի (Impact Hub Yerevan) կողմից՝ Ֆոնդասիոն դը Ֆրանսի (Fondation de France) ֆինանսավորմամբ։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դեռ 2009 թ-ին է հիմնադրվել, այն ժամանակ հիմնականում երիտասարդներին ուղղված ծրագրեր էին արվում՝ կարողությունների զարգացում, քաղաքացիական գիտակցության զարգացում եւ այլն՝ մանրամասնում է ՀԱԵ ծրագրերի ղեկավար Էլեոնորա Սարգսյանը։
«2020-ի դեպքերից հետո մեր ուղղվածությունը թեքեցինք ավելի շատ մեր տեղահանված հայրենակիցներին աջակցելուն։ Այդ ժամանակից սկսած՝ ավեի շատ ունենք հումանիտար աջակցության ծրագրեր, արդեն նաեւ տեղահանված հայրենակիցների կարողությունների զարգացման, ձեռնարկատիրությանը, զբաղվածությանն աջակցող ծրագրեր»,-ասում է նա։
Այդ ծրագրերից մեկն է «Խթանելով բռնի տեղահանված բնակչության հոգեբանական բարեկեցությունը և սոցիալ-տնտեսական ներառումը»․ մարդիկ անցնում են դասընթացներ, որոնք ուղղված են կա՛մ ձեռնարկատիրական, կա՛մ զբաղունակության հմտությունների զարգացմանը՝ նայած թե ինչ են փնտրում՝ կարիերա՞, թե՞ բիզնես, ինքնազբաղվածություն։
«Դասընթացներ են անցնում, որոնք նրանց հմտություններն են բարելավում ու ավարտին արդեն, ըստ կարիքների, կա՛մ դրամաշնորհ են ստանում, որ իրենց բիզնեսը զարգացնեն, կա՛մ վճարովի փորձնակության հնարավորություն են ստանում իրենց ուզած ընկերությունում, կա՛մ վերապատրաստում անցնելու հնարավորություն են ստանում»,-ասում է Էլեոնորա Սարգսյանը։
Ինչպե՞ս ստեղծել բիզնեսը, ինչպե՞ս կառավարել այն, ո՞ւմ համար ստեղծել, ո՞վ է լինելու հաճախորդը, ովքե՞ր են լինելու գործընկերները, ի՞նչ ռեսուրսներ են պետք
Ինչպե՞ս ստեղծել բիզնեսը, ինչպե՞ս կառավարել այն, ո՞ւմ համար ստեղծել բիզնեսը, ո՞վ է լինելու հաճախորդը, ովքե՞ր են լինելու գործընկերները, ի՞նչ ռեսուրսներ են պետք բիզնեսը ստեղծելու համար՝ երկուսուկես ամիս տևած ծրագիրը մասնակիցներին օգնեց ուսումնասիրել և ստանալ այս բոլոր հարցերի պատասխանները։
Անհատական մոտեցում և դրանից բխող համարժեք ուսումնասիրություն էր ցուցաբերվում յուրաքանչյուրի գաղափարի։
- Ամենակարեւորը՝ որտե՞ղ է շահավետ ստեղծել այդ բիզնեսը։ Իմ պարագայում, ես հացաբուլկեղենի իմ փոքրիկ խանութը նախատեսում եմ բացել Էրեբունի վարչական շրջանում։ Նաեւ հարցում ենք անցկացրել, որի արդյունքում կազմել ենք բիզնես պլան՝ ի՞նչ ծախսեր եւ ի՞նչ շահութաբերություն է մեզ սպասվում մեկ տարվա կտրվածքով։ Սկզբում այդ բիզնես պլանը ներկայացրել եմ, դրամաշնորհը շահել՝ 400 000 դրամի չափով,- ներկայացնում է Մ․ Սեմյոնովան։
Ստացած դրամաշնորհով մեր զրուցակիցը նախատեսում է հացի և թխվացքի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել։
- Ինձ անհրաժեշտ է խմորհունց, պարտադիր անհրաժեշտ են վառարաներ, սեղաններ, պահարաններ, խցիկ, որտեղ խմորը կհասունանա և այլ բաներ,-ասում է նա։
Չնայած տրամադրված գումարը ամբողջին չի բավարարի, բայց Մարինան չի տխրում՝ կսկսի նրանից, ինչին կհերիքի։
Մարդիկ հնարավորություն են ստանում նաեւ հոգեբանի հետ աշխատելու՝ թե՛ խմբային, թե՛ անհատական
Ծրագրի հիմնական շահառուները Երեւանում ու հարակից մարզերում բնակվող արցախցիներն են՝ ասում է ՀԱԵ ծրագրերի ղեկավարը։ Այս փուլում 25 հոգանոց խումբ էին ձեւավորել, որն անցավ եռամսյա դասընթաց՝ զբաղվածության ու ձեռնարկատիրության դպրոցում։ Պատրաստել են դիմումները, որ դիմեն դրամաշնորհի կամ փորձնակության հնարավորության համար, ներկայացրել իրենց ու նրանցից 5-ը շահել է դրամաշնորհի հնարավորություն, 6-ն էլ շահել փորձնակության կամ վերապատրաստման հնարավորություն։
«Դրամաշնորհը մինչեւ 1200 դոլար է՝ կախված, թե ինչպիսի ծրագիր են ներկայացրել․ ինչի կարիք որ ունենում են՝ այդքան ենք գումարը տալիս։ Շահող բիզնեսներից էին չրերի արտադրությունը, տեղական ավանդական քաղցրավենիքի արտադրությունը, իրենց համայնքում դպրատան հիմնումը, այսպես շարունակ»,-ասում է Էլեոնորա Սարգսյանը։
Նա վստահեցնում է, որ 2020 թ-ից ի վեր սա մոտ 30-րդ խումբն է, որն անցնում է դասընթացը եւ անցնում այս ծրագրով։
«Մենք ունենք նաեւ հումանիտար օգնության ծրագրեր, որտեղ 30 000-ից ավելի արցախցիներ են հումանիտար աջակցություն ստացել՝ սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլն, հետո սկսեցինք գումարային վաուչերներ տրամադրել»,-ասում է նա։
Ընդհանուր ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի․ Զբաղվածության և ձեռնարկատիրության դպրոցից բացի մասնակիցներրը հնարավորություն են ունեցել նաև օգտվելու հոգեբանի աջակցությունից, ինչպես նաև մասնակցել են տրավմաների հաղթահարմանն ուղղված շնչառական յոգայի դասընթացների։
«Սա նույնպես խմբային թերապիա է․ գերմանական ընդունված պրակտիկա է, որը ներդրել ենք այստեղ»,-մանրամասնում է ՀԱԵ ծրագրերի ղեկավարը։
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ։