կարևոր
616 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-12 14:54
Հասարակություն

Արսեն Թորոսյանն աղքատության ոչ համադրելի թվեր է համեմատել և ռեկորդային ցուցանիշներ արձանագրել. «Հետք»

Արսեն Թորոսյանն աղքատության ոչ համադրելի թվեր է համեմատել և ռեկորդային ցուցանիշներ արձանագրել. «Հետք»

Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականին 21.7% է եղել, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, գրում է «Հետքը»:

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) հրապարակել է աղքատության տվյալների հակիրճ զեկույցը: Այստեղ տողատակում նշված է, որ 2024 թվականի հաշվարկներում մեթոդաբանական փոփոխություններ են կատարվել, հետևաբար՝ 2024-ի տվյալները համադրելի չեն այս պահին հրապարակված ավելի վաղ տարիների հետ, և  առայժմ չենք կարող ասել՝ նախորդ տարվա համեմատ աղքատությունն աճե՞լ, թե՞ նվազել է։

Վիճկոմիտեն խոստանում է 2024 թվականի աղքատության ավելի ընդարձակ զեկույցում, որը կհրապարակվի մինչև այս տարվա նոյեմբերի վերջ, ներկայացնել նաև 2022-2023 թվականների վերանայված ցուցանիշները, որոնք արդեն հնարավոր կլինի համեմատ 2024-ի հետ:

Սոցապնախարարը համադրել է անհամադրելին և եզրակացրել, որ Հայաստանում 2024-ին աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով

Վիճակագրական կոմիտեն 2024-ի աղքատության հակիրճ տվյալները հրապարակել է երեկ՝ նոյեմբերի 11-ին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շատ չանցած ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ տվյալներին։ Նրա հաշվարկներով՝ մեկ տարում աղքատության մակարդակը 2 տոկոսային կետով նվազել է։ Այս համեմատությունը, ինչպես տեսանք վերևում, մեթոդաբանական առումով սխալ է։

Իհարկե, չի բացառվում, որ վերանայված տվյալներով ևս աղքատության մակարդակի անկում գրանցվի, սակայն Արսեն Թորոսյանը շտապել է և եզրակացրել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները:

Գյուղերում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է

Ըստ հակիրճ զեկույցի՝ քաղաքական և գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակները տարբերվում են։ Մասնավորապես՝ քաղաքային աղքատության մակարդակը 2024-ին միջինում կազմել է 19.3%, իսկ գյուղական աղքատության մակարդակը՝ 26%։

Քաղաքներում ծայրահեղ աղքատությունը 0.6% է, գյուղերում՝ 0.7%։

Թե որ մարզերն են առավել աղքատ, կներկայացվի ընդարձակ զեկույցում։

Երեխաների 28%-ն է աղքատ

2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում ապրող երեխաների 28%-ն աղքատ է։ Իսկ մանկական ծայրահեղ աղքատության մակարդակը 0.9% է։ Աղջիկ և տղա երեխաների շրջանում աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները էապես չեն տարբերվում։