կարևոր
280 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 13:33
Հասարակություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ կոչ է անում առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ կոչ է անում առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն

Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհուրդը տեղեկացնում է հանրությանը, որ երեկ շրջանառության մեջ դրված՝ «Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության» անունից տարածված հայտարարությունը ոչ մի կապ չունի իրական Ռամկավար Ազատական Կուսակցության պաշտոնական մարմինների և ներկայացուցիչների հետ։

Խորհուրդը իր խոր մտահոգությունն է հայտնում այն փաստի առթիվ, որ կուսակցության անունը ժամանակ առ ժամանակ շահարկվում է ինքնահռչակ փոքր խմբերի կողմից՝ առանց որևէ լիազորության կամ քաղաքական, գաղափարական պատասխանատվության։ Նման գործողությունները խեղաթյուրում են պատմական կուսակցության կերպարը և մոլորության մեջ են գցում հանրությանը։

Ռամկավար Ազատական Կուսակցության իրական դիրքորոշումը, որի հավաստի աղբյուր է կուսակցության Համադրված Մամուլը (Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), շարունակում է մնալ հետևյալը․

  • հարգանք և անսասան աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
  • հավատարմություն ազգային միասնականության, պետության և եկեղեցու անբաժանության սկզբունքին,
  • մերժում ցանկացած բաժանարար կամ պառակտիչ դրսևորման՝ եկեղեցական կամ քաղաքական հարթությունում,
  • կառուցողական համագործակցություն բոլոր հայկական կառույցների և համայնքների հետ՝ ի նպաստ մեր ազգային ինքնության պահպանման։

Խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և հասարակական շրջանակներին առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն, որը կարող է խաթարել մեր ժողովրդի հոգևոր միասնությունը։

Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ռամկավար Ազատական Կուսակցության ավանդապահ ճյուղին, որը հետևողականորեն գործում է ազգային համերաշխության, պետության ամրապնդման և Հայ Եկեղեցու հեղինակության պահպանման ուղղությամբ։