կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 23:23
Հասարակություն

Ծնկի եկած քաղաքացին մի օր ոտքի է կանգնելու. «Դեմ եմ»-ի անդամը «մինուս մեկ» է գնահատում կառավարության աշխատանքը

Ծնկի եկած քաղաքացին մի օր ոտքի է կանգնելու. «Դեմ եմ»-ի անդամը «մինուս մեկ» է գնահատում կառավարության աշխատանքը

«Դեմ եմ» շարժման մասնակից Գևորգ Գորգիսյանը հայ մարդու համար խայտառակություն է համարում այսօր ոստիկանության գործողությունները՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

 

«Ոստիկանները նույնպես հայ մարդ են, սակայն նրանք այսօր ապացուցեցին, որ այդքան էլ հայ մարդ չեն: Ուզում եմ կոչ անել նրանց, որ խելքի գան: Սա հայերի երկիրն է: Մենք մեր ողջ շարժման ընթացքում հարգանքով ենք վերաբերվել ոստիկաններին և նույն վերաբերմունքը ակնկալել ենք նրանցից, սակայն այսօր ոստիկանները ապացուցեցին, որ պատրաստ չեն այդ ադեկվատ վերաբերմունքին»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը:

 

Նա նշեց, որ իր համար անընդունելի են այն մեթոդները, որոնց դիմում է ոստիկանությունը, ավելին՝ այսօր ունենք ոստիկանություն, որն արհամարհում է ժողովրդին: Իսկ եթե, այնուամենայնիվ որոշեն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել, Գևորգ Գորգիսյանի կարծիքով, կարող է արդեն ձմռանը մարդ չմնալ Հայաստանում, որովհետև այն նույն գումարով, որը մարդիկ պետք է տան կոմունալ ծախսերին, կգնեն որևէ երկրի տոմս ու կգնան: Ըստ նրա` իշխանությունների որդեգրած «թքած ունենալու» մոտեցումը առաջացրել է պայթյունավտանգ սոցիալական վիճակ երկրում:

 

«Երկրի տերը ժողովուրդն է ու թեև ծնկի եկած է, բայց մի օր ոտքի է կանգնելու ու կատաղած է ոտքի կանգնելու, որովհետև այսպես չի կարող շարունակվել: Իշխանությւոնը պարզապես իր քայլերով հրահրում է պայթյունավտանգ իրավիճակներ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

 

Այն հարցին, ինչպե՞ս է գնահատում նոր կառավարության աշխատանքը, Գևորգը պատասխանեց. «Մինուս մեկ, որովհետև նախորդ կառավարությունը գոնե խոստումներ չէր տալիս և լուռ իր գործն էր անում, իսկ նոր կառավարությունը բարձրագոչ հայտարարություններ է անում, բայց նախորդից ավելի վատն է»:

 

Նա կոչ ունի հասարակությանը, որ ոտքի կանգնեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեր կագնի իր երկրին: Գևորգ Գորգիսյանը ցանկացավ ընդգծել, որ լինելով «Դեմ եմ» շարժման անդամ` պայքարում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, որովհետև դա այն սոցիալական խնդիրն է, որը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու: