կարևոր
4822 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 10:33
Քաղաքական

Ինչո՞ւ է Փաշինյանը «ծյունինգ» անում հանրային խորհուրդը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է Փաշինյանը «ծյունինգ» անում հանրային խորհուրդը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Իշխանությունը որոշել է փոխել շուրջ երեք տարի իր իսկ կողմից կաթվածահար արված սահմանադրական մարմինը՝ Հանրային խորհուրդը, ավելի ճիշտ՝ նոր գործառույթով օժտել։ Այս մարմինը, որը համարվում է կառավարության խորհրդակցական մարմին, ստեղծվել է 2009 թվականին, երբ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդավար երեւալու փորձեր արեց՝ ցույց տալու, թե հասարակության եւ իշխանությունների կապը խզված չէ։ «Հանրային խորհրդի մասին» օրենքով սահմանված է լիազորությունների լայն շրջանակ՝ կազմակերպել հանրային լսումներ, քննարկումներ հասարակական հետաքրքրություն ներկայացնող, կարեւորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ, նաեւ՝ իրականացնել գործող օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի հասարակական փորձաքննություն եւ տալ եզրակացություն, լրացումներ եւ առաջարկություններ։ 

Չնայած «Հանրային խորհրդի մասին» օրենքով սահմանված է լիազորությունների լայն շրջանակ, սակայն այն ինչ-որ պահից այլեւս չաշխատեց, եւ դա եղավ 2018-ից հետո, երբ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը չենթարկվեց Նիկոլ Փաշինյանին, իսկ խորհրդի անդամների մեծ մասը ՀՀԿ-ականներ էին կամ նախկինների հետ փոխկապակցված անձինք։

2019 թ. դեկտեմբերի 19-ին Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց ՀԽ նախագահ, եւ թվում էր՝ մարմինը կսկսի աշխատել, որովհետեւ նիկոլական նախագահ է նշանակվել, սակայն կազմը փոխել չկարողացան, իսկ հին կազմի հետ Սաֆարյանը չաշխատեց, 2021 թ․ մայիսին էլ նա հրաժարական տվեց՝ ընտրություններին մասնակցելու պատրվակով, որից հետո այլեւ ՀԽ նախագահ չնշանակվեց, եւ ամեն ինչ արեցին, որ Սահմանադրությամբ նախատեսված կառույցն անգործության մատնվի։ ՀԽ-ում թափուր էր ոչ միայն նախագահի, այլեւ 10 անդամի տեղ։

Ապա լուրեր կային, որ իշխանությունն ուզում է լուծարել կառույցը, սակայն դա միայն սահմանադրական փոփոխություններով է հնարավոր անել։ Կառավարության երեկվա նիստում ներկայացված  «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծից պարզ դարձավ, որ իշխանությունը մտադիր է «ծյունինգ» անել ՀԽ-ն։ ՀԽ հին կազմը կցրվի, իսկ նորը կստեղծի փաստահավաք հանձնաժողով․ «Նախագծի նպատակն է՝ խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում 1991 թ․ սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թ․ ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերաբար խախտումները եւ դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց»։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Այդ հանձնաժողովն ուսումնասիրելու է համապետական ու ՏԻՄ ընտրությունների, հանրաքվեների կազմակերպման ու անցկացման, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, հավաքների ազատությունների իրավունքների խախտումների դեպքերը։

Փաստահավաք հանձնաժողովը կհավաքագրի տեղեկություններ, կուսումնասիրի համապատասխան նյութեր, կկազմակերպի հանրային լսումներ, կկազմի միջանկյալ ու եզրափակիչ զեկույցներ։ Եզրափակիչ զեկույցը հանձնաժողովը պարտավոր է հրապարակել իր կազմավորումից հետո 2 տարվա ընթացքում, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը։ Փոխնախարարի խոսքով` փաստահավաք հանձնաժողովը կազմված կլինի 7 անդամից, որոնք կընտրվեն Հանրային խորհրդի կողմից, կներգրավվեն մասնագիտական փորձառություն ունեցող մարդիկ, իրենց ոլորտի կամ հանրային հեղինակավոր փորձագետներ, որոնք երբեւէ չպետք է զբաղեցրած լինեն քաղաքական պաշտոն, իրենց գործունեության ընթացքում պետք է դրսեւորած լինեն քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն։ Հանձնաժողովի թեկնածուները կառաջադրվեն ՀԿ-ների կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են ունեցել, սակայն ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով նախագծի ընդունումը ձգձգվել է։ «Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե որ պետական կառույցի ներքո այն պետք է լինի։ Ձգձգումը բացառապես սրա հետ է կապված եղել, որ նաեւ հանձնաժողովի լեգիտիմության եւ սահմանադրականության հետ կապված խնդիրներ չլինեն։ Որոշումը մի բան է, սակայն հույս ունեմ, որ այն նաեւ արդյունավետ կիրականացվի»,- ասաց նա։

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստահավաք հանձնախումբ ստեղծելու առաջարկը շուրջ մեկուկես տարի խորհրդում քննարկվել է, անգամ տեսակապով կոնսուլտացիաներ են անցկացրել միջազգային փորձագետների հետ, Խորհրդում առավել հակված են եղել, որ հանձնախումբը գործի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ենթակայությամբ, սակայն երեկ իրեն զանգել-տեղեկացրել են, թե որոշել են, որ այն ՀԽ-ում է գործելու։ «Մենք երկու անգամ քննարկել ենք այդ հարցը, ովքեր այդ նախագիծը պատրաստել էին, իրենց հետ տեսակապով քննարկել ենք, կարծեմ՝ Ուրուգվայից էին, Արգենտինայից էին։ Իհարկե, մեր մասնագետներն իրենց պատասխաններ տվել են՝ կարծում էին, որ ավելի շատ մարդու իրավունքների ոլորտում պետք է նման փաստահավաք հանձնախումբ գործի, բայց դե՝ հիմա եթե կառավարությունը կանգնել է այս որոշման վրա, օրենքը կընդունեն, կերեւա՝ ինչպես են առաջնորդվել։ Իհարկե, օրենքում կետ են ավելացնում, դա չի հակասում գործող օրենքին, խնդիրն արդյունավետությունն է, թե որքանով է դա արդյունավետ լինելու»,- ասաց Սաֆարյանը։ 

Սա շատ նման է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբին, որտեղ աշխատում էին Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը։ Ակնհայտ է, որ նման փաստերի հավաքման նպատակն առաջիկա նախընտրական զարգացումներն են, Փաշինյանը տեղեկատվա-քարոզչական նոր գործիքներ է փնտրում, որպեսզի նորովի թմբկահարի նախկինների «ապօրինությունները»։ «Դե, դրա մասին վաղ է ենթադրություն անելը, նշվում է՝ խումբը 7 հոգուց պետք է բաղկացած լինի, եւ նրանք պետք է զերծ լինեն քաղաքական նախապատվություններից ու լինեն պրոֆեսիոնալներ։ Երբ կընտրվեն թեկնածուները, գուցե նոր միայն պարզ դառնա՝ ովքեր են եւ ինչու»,- ասում է Վազգեն Սաֆարյանը։ Ի դեպ, նա համաձայն չէ կառավարության գնահատականին, թե Խորհուրդն արդյունավետ չի գործել, դրա համար է լուծարվում։ ՀԽ անդամը վստահեցնում է, որ կառույցն անխափան է գործել, պարբերաբար նիստեր են անցկացրել, այլ հարց է, որ կառավարության հետ համագործակցությունն է խզվել։

Նախագիծն առաջիկայում կուղարկեն խորհրդարանի հաստատմանը»։