կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-09 16:08
Քաղաքական

Հանրային խորհուրդը քննարկել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հանրային աջակցության ծրագիրը

Հանրային խորհուրդը քննարկել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հանրային աջակցության ծրագիրը
Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում կրկին քննարկման է դրվել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց:
 
Հանրային խորհրդի անդամները նախ քննարկել են ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հանրային խորհրդի պատվիրակության հանդիպման արդյունքները, որի ընթացքում ՀԽ անդամները ներկայացրել էին իրենց մոտեցումները նախաձեռնության վերաբերյալ և, ընդհանուր առմամբ դրական գնահատելով այն, բարձրացրել մի շարք հարցեր ու հնչեցրել մտահոգություններ: 
 
Դեկտեմբերի 8-ի նիստին Հանրային խորհուրդը վերահաստատել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին համազգային աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որը դրական է ընդունվել նաև հասարակության լայն շրջանակներում, միաժամանակ ընդգծելով, որ այս նախաձեռնության իրականացման գործընթացում կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր, և անհրաժեշտություն կա մինչև Ազգային ժողովի կողմից օրենքի վերջնական ընդունումը  կազմակերպել լրացուցիչ խորքային քննարկումներ:
 
Իրենց ելույթներում ՀԽ անդամներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնությունը կարող է միայն լրացուցիչ օժանդակություն հանդիսանալ, այլ ոչ թե զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ պետական հոգածությանն ու պարտավորություններին փոխարինող միջոց:
 
Առանձին ներկայացվել և քննարկվել են մի շարք առաջարկներ` այդ թվում գումարների հավաքագրումը ոչ թե հիմնադրամի միջոցով, այլև հարկային պարզեցված մեխանիզմներով իրականացնելու տարբերակը, որոշակի սանդղակներ սահմանելու հարցը, օրենքը հետադարձ ուժով նախորդ տարիների դեպքերի վրա տարածելու անհրաժեշտությունը և այլն: Ներկայացվել է նաև առաջարկ այս նպատակի համար դրամական միջոցների հավաքագրումը համահայկական  հանգանակության միջոցով իրականացնելու վերաբերյալ` ընդգծվելով կամավորության սկզբունքը:
 
Հանրային խորհուրդը գտնում է, որ նման կարևոր նախաձեռնությունն անհրաժեշտ է իրականացնել միմիայն հասարակական լայն փոխըմբռնման ու վստահության բարձր մակարդակի պայմաններում, հակառակ դեպքում այն չի կարող արդյունավետ լինել և կարող է նպաստել հասարակության շրջանում բացասական տրամադրությունների առաջացմանը:
 
Նիստի օրակարգի հաջորդ հարցի ժամանակ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին է ներկայացրել ս.թ. նոյեմբերի 17-ին ՀՀ Հանրային խորհրդում «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում տեղի ունեցած աշխատանքային խմբի նիստի արդյունքները, որի ժամանակ աշխատանքային խումբը քննարկել է "ՀՀ քրեական օրենսգրքում" և "ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում" լրացումներ կատարելու մասին նախագծերը` մասնավորապես անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից ապօրինի հարստացման քրեականացման դրույթին, ինչպես նաև ՀՀ ԱՆ տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը:
 
Հովհաննես Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովում տեղի է ունենալու հանրային լայն քննարկում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, որին մասնակցելու են հանձնաժողովի անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ: 
 
ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է նաև «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերջին շրջանում հանրության շրջանում սուր քննարկումների թեմա է դարձել: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Անահիտ Աղոյանին հանձնարարել է հանձնաժողովի շրջանակներում օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպել քննարկում, լսել կողմ և դեմ բոլոր տեսակետները և արդյունքները ներկայացնել Հանրային խորհուրդ: