կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 12:32
Հասարակություն

Հանրային խորհուրդը համալրվել է 6 նոր անդամներով

Հանրային խորհուրդը համալրվել է 6 նոր անդամներով
Ս.թ. մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձաժողովի անդամ Անահիտ Աղոյանը:
 
Ս.թ. ապրիլի 5-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, Անահիտ Աղոյանը ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է` որպես Հանրային խորհրդի անդամ:
 
Այնուհետև ս.թ. մարտի 31-ին Հանրային խորհրդի հաջորդ 5 թափուր տեղերը համալրելու նպատակով տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ Հանրային խորհրդի անդամներ են ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը և Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Ս.թ. ապրիլի 13-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, վերոնշյալ անձանց թեկնածությունը նույնպես հաստատվել է ՀՀ Նախագահի կողմից:
 
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի կազմում՝ վերջին 12 անդամների ցուցակում, որտեղ ՀԽ անդամներն ընտրվում են ՀԽ գործող անդամների քվեարկությամբ, առաջացել էին թափուր տեղեր` տարբեր հանգամանքներով պայմանավորված (Սոս Սարգսյանը, Բաբկեն Հարությունյանը, Ստեփան Գիշյանը, Ռոբերտ Աթոյանը մահացել են, իսկ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ):
 
Այսպիսով, Հանրային խորհուրդը համալրվել է 6 նոր անուններով՝ Անահիտ Աղոյան, Տիգրան Մանսուրյան, Էդուարդ Ղազարյան, Արմեն Բալդրյան, Սամվել Ճզմաչյան, Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյան: