կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-31 17:01
Հասարակություն

Ո՞վ է ընտրելու աուդիտորական կազմակերպությունը. Հանրային խորհուրդը մտավախություններ ունի

Ո՞վ է ընտրելու աուդիտորական կազմակերպությունը. Հանրային խորհուրդը մտավախություններ ունի

Այսօր Հանրային խորհուրդը քննարկում էր կազմակերպել էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացման, ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի և այդ թեմաների հետ կապված հարցերի շուրջ:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը նշեց. «Այն, ինչ կատարվում է այսօր  էներգետիկ համակարգում, բացարձակ անթույլատրելի է: Զարմանում եմ` ինչպես են էներգետիկայի  նախարարությունն ու ՀԾԿՀ-ն համաձայնում այդ վիճակին»: Նա նշեց, որ վերջերս կառավարության նախաձեռնած համաժողովը, որտեղ ներկայացվեց մինչև 2036թ.ը էներգետիկ համակարգի ռազմավարությունը, իր վրա շատ վատ տպավորություն է թողել, որովհետև այդ ռազմավարական ծրագրում հաշվի չէին առնվել անգամ տարրական տնտեսական կանխատեսումները և զարգացումները:

«Ինչքա՞ն կարելի է սուտ խոսել: Անցյալ տարի է սակագինը բարձրացել 4 դրամով՝  սակավաջրության և ատոմակայանի կանգնելու պատճառաբանությամբ: Այս տարի սակավաջուր տարի չէ,  ատոմակայանն էլ  ինտենսիվ է աշխատել, ուրեմն պիտի գինն իջներ, ոչ թե նորից բարձրանար»,- ասաց  Արշակ Սադոյանը: 

Քննարկմանը ներկա էր նաև ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը, ով նշեց, որ հանձնաժողովը կարող է էներգետիկ համակարգում մատուցել խորհրդատվական ծառայություն: ՀԾԿՀ ներկայացուցիչը նշեց, թե բոլոր այդ աշխատանքներն արվում  են այն բանի համար, որ էներգահամակարգը կարողանա բնականոն աշխատել:

Քննարկմանը ներկա` էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ էներգետիկ համակարգում նախատեսվող աշխատանքները երկու մասի  կարելի է բաժանել, մի մասը` կապված ՀԾԿՀ հետ` պարզելու սակագինը ճի՞շտ է սահմանվել, թե՞ սխալ, մյուս մասը վերաբերում է աուդիտին, երբ կհրավիրվի պրոֆեսիոնալ աուդիտորական կազմակերպություն, որի ուսումնասիրությունները ՀԷՑ-ում կպատասխանեն բոլոր խնդրահարույց հարցերին:

Արշակ Սադոյանը անընդունելի համարեց, որ ՀԾԿՀ-ն պետք է ընտրի, թե որ աուդիտորական կազմակերպությունը պետք է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնի, թե ով պետք է որոշի` որ ընկերությունն է լավագույնը, և արդյո՞ք ժողովուրդը վստահելու է այդ աուդիտորական կազմակերպության եզրակացությանը:

ՀԾԿՀ ներկայացուցիչը հարցրեց. «Հիմա եթե աշխարհի լավագույն աուդիտորական կազմակերպությունների  հնգյակից որևէ մեկին հրավիրում ենք Հայաստան, դրա մեջ վատ բան կա՞»:

Արշակ Սադոյանը կրկին առարկեց, որ լավագույնին չպետք է Ռոբերտ Նազարյանն ընտրի:

Հանրային խորհրդի անդամները առաջարկում էին, ժողովրդին ներկայացնել լավագույն աուդիտորական կազմակերպությունների ցուցակը, և թող ժողովուրդը ընտրի: Նրանք կարևորում էին, որ հայ աուդիտոր մասնագետները նույնպես մասնակցեն ՀԷՑ-ում իրականացվող աուդիտին: