Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել՝ քննարկելու Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:
Նիստին մասնակցել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս, խոսելով Հայաստանում քաղավիացիայի զարգացման կարևորության մասին, նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո քաղավիացիայի զարգացման և ազգային ավիափոխադրող ունենալու հարցը դարձել է առավել օրակարգային:
Նիստի ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր՝ մասնավորապես.
1. Որո՞նք են ազգային ավիափոխադրողի կարևորագույն բնութագրիչները:
2. Աշխարհի ո՞ր երկրներն ունեն մեկ և ավելի ազգային ավիափոխադրող, որքա՞ն է դրանցում պետության մասնակցությունը: Ի՞նչ շահութաբերությամբ են աշխատում այդ ընկերությունները:
3. Ի՞նչ օգուտ է տալիս տվյալ երկրին ազգային ավիափոխադրող ունենալը (ոչ միայն ֆինանսական առումով):
4. Վերջին 5-10 տարիներին աշխարհում ազգային ավիափոխադրողների ոլորտում ի՞նչ միտում է նկատվում. ազգային ավիափոխադրողների թիվն ավելանո՞ւմ է, թե՞ նվազում: Որո՞նք են նվազման պատճառները: Նշելլ երկրների օրինակներ:
5. Ի՞նչ լրացուցիչ հանգամանքներով է պայմանավորված Հայաստանում ազգային ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը:
6. Որո՞նք են պատճառները, որ Հայաստանում գոյություն չունի ազգային ավիափոխադրող: Ի՞նչ խոչընդոտներ կան այսօր ազգային ավիաընկերություն հիմնելու հարցում (ֆինանսական, օրենսդրական, սակագնային և այլն):
7. Իրատեսական ծրագիր (նախագիծ) ազգային ավիաընկերություն ունենալու վերաբերյալ:
Վազգեն Մանուկյանը կարևորել է վերոնշյալ հարցերը ոչ միայն Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների մեջ ներառելու, այլև հանրության առավել լայն շրջանակների հետ քննարկելու անհրաժեշտությունը, ուստի որոշվել է դիմել նաև այն անհատներին ու համապատասխան կառույցներին, որոնք այս հարցերի շրջանակներում կարող են ներկայացնել որոշակի առաջարկներ ու ծրագրեր:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը նույնպես հրավիրված է եղել նիստին, կարևորել է քաղավիացիան որպես ռազմավարական խնդիր պետության առջև դնելու և պետության կողմից այն գերակա ճյուղ ճանաչվելու անհրաժեշտությունը:
Նշենք նաև, որ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը Հայաստանի քաղավիացիայի խնդիրները քննարկելիս բազմիցս է բարձրացրել նաև այն հարցը, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO — International Civil Aviation Organization) պահանջներին:
ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը Հայաստանի ազգային ավիացիոն միավորման հետ մեկտեղ մշակել է Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ ազգային ժողով: Նախագծին կարող եք ծանոթանալ ՀԽ կայքում՝ հետևյալ հղումով
http://publiccouncil.am/hy/documents/item/2016/05/20/280/
Նիստի ընթացքում որոշվել է Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ առաջիկայում կազմակերպել հանրային լայն քննարկում, որի ընթացքում կամփոփվեն բարձրացված հարցերն ու առաջարկները, և ՀԽ կանոնադրության համաձայն, կներկայացվեն Հանրապետության նախագահին:
Հանրային խորհրդի մամուլի ծառայություն