Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախի վերածննդի հնարավորություն է թողնում․ Ամեն ինչ Ռուսաստանի հանդեպ ղարաբաղցիների պատմական համակրանքի մասին է - 2023 թ-ի նոյեմբերին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի որոշմամբ ստեղված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հանդես է եկել «Վատիկանի L' Osservatore Romano պաշտոնական հրատարակությունում «հրապարակված» A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole» («Դադիվանքը, Գանձասարը եւ Խաթրավանքն ամպերի մեջ») խորագրով հոդվածի քննադատությամբ, որտեղ հայկական ժառանգության կարեւորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը եւ Խաթրավանքը ներկայացված են ալբանական ժառանգություն»։
«Պետք է նշել՝ հոդվածը զուրկ է գիտական հիմքից եւ հակասում է գիտականության չափանիշներին՝ հիմնված լինելով միայն հեղինակի դիտարկումների եւ տպավորությունների վրա», – ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: «Անգամ բովանդակության մեջ հայկական հուշարձանների ադրբեջանացված անվանումների օգտագործումը հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել Վատիկանի պաշտոնական հրատարակությունում: Հայկական մշակութային ժառանգության «ալբանացման» ադրբեջանական թեզը բազմիցս ներկայացվել է «Գեղարդ» հիմնադրամի ակադեմիական հարթակում: Պետք է նշել՝ հայկական մշակութային ժառանգության բռնի յուրացման այս մեխանիզմը նվաճում է նոր միջազգային հարթակներ, ինչն ակնհայտորեն պայմանավորված է Ադրբեջանի հարուստ նավթարդյունաբերությամբ եւ միջազգային կառույցների ու կազմակերպությունների գործունեության մեջ պետական հսկայական միջոցների ներդրմամբ»:
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կոչ էր արել ԱԳՆ-ին եւ կրթության նախարարությանը արձագանքել L ' Osservatore Romano-ի՝ «Ադրբեջանում քրիստոնեության ակունքների» մասին հրապարակմանը, որում հեղինակը հայկական հուշարձաններն անվանում է ալբանական առաքելական եկեղեցու ժառանգություն: Գալստյանի խոսքով՝ «հղում անելով տեղացի ինչ-որ գիտաշխատողի՝ հոդվածի հեղինակը տարածում եւ ամրագրում է տարածաշրջանում հայերի վերաբնակեցման վարկածը՝ փաստելով, որ մենք ադրբեջանական հողեր ենք ժամանել Իրանից եւ Թուրքիայից: Նա հիշեցրել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, չնայած բազմաթիվ հավաստիացումներին եւ կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, այդպես էլ դիտորդական առաքելություն չի ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ըստ պատգամավորի հայտարարության՝ Բաքվի ձեռքերը «հասել են Վատիկանին», եւ Ադրբեջանին հաջողվել է իր «ակամա հանցակից» դարձնել հենց Սուրբ աթոռը, քանի որ հոդվածը լույս է տեսել Կաթոլիկ եկեղեցուն պատկանող պարբերականում:
Ընդդիմադիր պատգամավորը դիմում է Հայաստանի կառավարությանը, մինչդեռ ակադեմիական հիմնադրամը շրջանցում է թեման եւ կոչ է անում «միջազգային առաջատար կազմակերպություններին, կառույցներին եւ լրատվամիջոցներին չտրվել ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը»: Ի՞նչն է պատճառը: Ամենաքիչը հարցերն են ուղղված Ադրբեջանին, որի գործողությունները յուրովի տրամաբանական են եւ հասկանալի։ Բաքուն հասկանում է՝ 2020 թ-ի պատերազմի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարչական վերահսկողության վերադարձը «խնդրի» լուծման միայն մի մասն է։ Հայերը հայտնի են նրանով, որ պետականության կորստի ժամանակ նրանց որպես ազգ պահպանելուն օգնել է միայն Հայ Առաքելական եկեղեցին։ Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում կա հայկական քրիստոնեական ժառանգություն, աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում հնարավորություն կմնա վերակենդանացնել Արցախի պետականությունը։
Հետեւաբար, Ադրբեջանի շահերից է բխում Արեւելյան Հայաստանի այս շրջանը վերածել «թանգարան բաց երկնքի տակ»՝ միաժամանակ անվանափոխելով Հայ Առաքելական եկեղեցու ժառանգությունը Կովկասյան Ալբանիայի ժառանգության։ Եվ Երեւանը, կարծես, դեմ չէ իրադարձությունների զարգացման նման ընթացքին։ Փաստ է՝ Լեռնային Ղարաբաղը, նրա մելիքներն ու կաթողիկոսները մեծ ներդրում են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում։ 18-րդ դարի սկզբին Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը եւ ղարաբաղցի մելիքի որդի, դիվանագետ Իսրայել Օրին կապ են հաստատել Պետրոս Առաջին կայսեր հետ՝ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի հովանու ներքո ընդունելու խնդրանքով։ Եվ նորագույն պատմության մեջ ղարաբաղահայությունը բոլորից շատ համակրել է մեր երկրին, ռուսական մշակույթին ու ռուսաց լեզվին։
Սա լուռ նախատինք է Երեւանի ներկայիս իշպանությանը, որը կտրուկ շրջվել է Մոսկվայից եւ նրա մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներից, նվազեցնում ռուսական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Եվրամիության։ Նման իրավիճակում դժվար է պատկերացնել, որ հայկական իշխանությունները շահագրգռված լինեն աջակցել ղարաբաղցիներին իրենց պատմական քրիստոնեական ժառանգությամբ, քանի որ վերջիններս խորհրդանշում են արեւմտամետ կուրսի այլընտրանք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, բայց առայժմ Լեռնային Ղարաբաղի կողմնակիցներին քիչ բան կհաջողվի հակադրել Բաքվին, որը հաջողությամբ աշխատում է, այդ թվում՝ Վատիկանի հետ։
Ստանիսլավ Ստրեմիդլովսկի
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի