կարևոր
2359 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-21 13:41
Քաղաքական

Փաշինյանը պարզապես ստում է՝ այդ օրը հնարավոր էր Շուշիի պահպանմամբ հրադադար. Հայկ Մամիջանյանը՝2020թ հոկտեմբերի 19-ի մասին

«Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է»,-ՀՀԿ-ի գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները ներկայացնելու ծավալուն զեկույցին:

Մամիջանյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 12-ին նա  ասել էր, թե 20 հազար զինվորի կյանք է փրկել, նոյեմբերի 16-ին՝ 30 հազար զինվորի, իսկ նախորդ օրը քննիչ հանձնաժողովում հայտնում է 25 հազար զինվորի կյանքը փրկելու մասին:

Այդ իրողությունից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ենթադրեց, որ հայ զինվորի կյանքը Փաշինյանի համար արժեք չունի:

Անդրադառնալով  հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման մասին Փաշինյանի հնչեցրած տեղեկատվությանը և տեղեկացնելով, որ դրան ՀՀԿ-ից մասնակցել էր Էդուրադ Շարմազանովը՝ Մամիջանյանն ասաց, որ այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տված, որ ինքն է խնդրել ՌԴ-ին Սյունիքում տեղադրել Ռուսաստանի դրոշները:

Մամիջանյանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարած Շուշիի և Սյունիքով անցնող ճանապարհի կարմիր գծերին:

«Փաշինյանը փորձում է մանիպուլյացնել՝ փախստականների վերադարձը ներկայացնելով, որ իբր, ըստ ադրբեջանական կողմի, 90%-ով ադրբեջանցիներով բնակցեված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները և  փաստացի այն չէր լինի Արցախի Հանրապետության տիրապետության տակ»,-հայտնեց Մամիջանյանը և հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ասվում էր, թե ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հովանու ներքո տեղի է ունենալու փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայերրը,  հարցրեց, թե այս պահի դրությամբ Արցախի հանրապետության տարածքում արդյո՞ք մեկ ադրբեջանցի վերադարձել է:

«Հետևաբար, ներկայացնել, թե նմանօրինակ ձևակերպումը նշանակում էր Շուշիի կորուստ, մանիպուլյացիա է, Փաշինյանը պարզապես ստում է, այդ օրը հնարավոր էր Շուշիի պահպանմամբ հրադադր»,-ասաց Մամիջանյանը և ընդգծեց, որ Փաշինյանի հայտարարած բոլոր կարմիր գծերը, որոնց պատճառով հոկտեմբերի 19-ին չէր համաձայնել հրադադարին, նոյեմբերի 9-ին նուն կերպ էլ ստորագրվեցին:

Այդ ամենից Մամիջանյանը եկավ այն եզրահանգման, որ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում բոլոր զոհերը Փաշինյանի գործունեության ուղղակի հետևանք են: