Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սվասում (Սեբաստիա-Ակունքի խմբագրություն) քրիստոնեության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Սուրբ Վլասի դամբարանի տարածքում գտնվող տարածքի կանաչապատման աշխատանքներից առաջ իրականացվել են հնագիտական աշխատանքները…
Սվասում քրիստոնեության նշանավոր դեմքերից մեկի՝ Սուրբ Վլասի դամբարանի գտնվելու տարածքում կանաչապատման աշխատանքներից առաջ իրականացված հնագիտական պեղումների ընթացքում կարևոր գտածոներ են ձեռք բերվել։
Սվասի Գյոքմեդրեսե թաղամասում կրոնների պատմության նշանավոր դեմքերից մեկի՝ Սուրբ Վլասի, ում անունով 1200-ի մոտ եկեղեցի կա, դամբարանի տարածքում սկսված հնագիտական պեղումների առաջին փուլն ավարտվել է։ Պեղումների ընթացքում կարևոր գտածոներ են հայտնաբերվել, որոնք ապացուցում են, որ Վլասը թաղված է պեղումների տարածքում։ Ըստ ձեռք բերված գտածոների՝ ենթադրվում է, որ հասել են այն պատին, որի հիմքում, ըստ լուրերի, հռոմեացիների ձեռքով նահատակվելուց հետո թաղվել է Սուրբ Վլասը։
Պեղումների տարածքի համար պատասխանատու արվեստի պատմության մասնագետ Հուսեյին Չիլը, նշելով Սուրբ Վլասի կարևորությունը քրիստոնյաների և կրոնների պատմության համար, ասաց. «Սուրբ Վլասը ծնվել է մ․թ․ 280-ականներին։ Հայտնի է, որ զբաղվել է փիլիսոփայությամբ, իսկ հետո հետաքրքրվել է բժշկությամբ և զբաղվել դրանով։ Քրիստոնեության տարածմամբ՝ քրիստոնյա հիվանդներին բուժելու ընթացքում նա ազդվել է քրիստոնյաներից և քրիստոնյա դարձել: Այդ ժամանակվա Կապադովկիայի կառավարիչը, նրան գերեվարելով, բերել է Սվաս։ Սուրբ Վլասին այստեղ տանջել են, մաշկը՝ բրդի երկաթե սանրերով քերթել։ Քրիստոնեությունից չհրաժարվելու պատճառով նրան գլխատել են։ Նա քրիստոնեական աշխարհի համար շատ կարևոր՝ Հիսուս Քրիստոսից հետո ամենանշանավոր մարդկանցից մեկն է։ Եվրոպայում Սուրբ Վլասի անունով հազարավոր եկեղեցիներ կան։ Միևնույն ժամանակ նա Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի հովանավորն է։
«Տարածքում մոտ 10 հազար արտեֆակտ ենք հայտնաբերել»
Հուսեյին Չիլը հայտնեց, որ պեղումների ընթացքում գտել են մոտ 10 հազար արտեֆակտ, և ասաց, որ գտածոների մեծ մասը խեցեղենի կտորներ են։ «Այս նախագիծը սկսվել է Սվասի քաղաքապետարանի կողմից՝ դամբարանը և դրա շրջակայքը կարգի բերելու համար: Ծրագիրն սկսելով՝ Թանգարանային վարչության և Պահպանության խորհրդի միջոցով այստեղ մտադիր էին հորատման աշխատանքներ սկսել: Պեղումները սկսվել են 2021 թ․ սեպտեմբերին։ Այդ օրից մինչ այժմ տարածքում երեք տարբեր հորատումներ ենք կատարել: Հորատումների տվյալները ստանալով՝ ընդլայնել ենք պեղումների տարածքը և աշխատանքներ տարել ամբողջ տարածքը պեղելու ուղղությամբ: Պեղումների արդյունքում այդ տարածքում հայտնաբերել ենք մոտ 10 հազար արտեֆակտ։ Այս նյութերի մեծ մասը խեցեղենի կտորներ են։ Գտել ենք տարածքի ամենահետաքրքիր գտածոներից մեկը՝ բրոնզե հայելու մի կտոր, որն անվանում ենք սելջուկյան հայելի (Թուրքիայում ոչ մի պեղում առաց «սելջուկյան գտածոյի» չի ավարտվում-Ակունքի խմբ․)։ Հայելին կոտրված վիճակում էր, մի փոքր կտոր ենք գտել։ Մյուս կողմից հայտնաբերել ենք բուսական և պատկերազարդ դեկորատիվ ծեփի խմբաքանակ»,-ասաց նա։
«Ասում են, որ նրան թաղել են Սվասի պարիսպների հիմքում»
Նշելով, որ իրենք գտել են վկայություններում նշված չափերի պատը, Չիլն ասաց. «Այստեղ հնագիտական տվյալների մեծ մասը կազմում են պատերը։ Ընդհանուր առմամբ 22 պատ ենք հայտնաբերել: Միմյանցից տարբեր և անկախ այս պատերը կառուցվել են տարբեր փուլերում և ժամանակաշրջաններում։ Դրանցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի, նրանք ոչ մի տեղ միաձև չեն։ Պատը, որը նկարագրում ենք որպես համար մեկ՝ ունի 20 մ երկարություն և 3,5 մ հաստություն: Այս մասշտաբով երբ նայում ենք դրան, այս ժամանակվա համար այս հաստության պատը հսկայական է: Քանի որ նման հաստության պատ կարելի էր կառուցել միայն պաշտպանական կառույցներում, կարծում ենք, որ այն կարող է պարիսպ լինել։ Անշուշտ, սուրբ Վլասի մահից հետո նրա թաղման պատմությունն էլ ներկայացվել։ Այս պատմության մեջ ասվում է, թե «մի կին վերցրել է Սուրբ Վլասի մարմինը և թաղել Սվասի պարիսպների տակ», արձանագրություններն այսպիսին են։ Եթե այս պատերը համարենք պարիսպներ, կպարզվի, որ դրանք համընկնում են Սուրբ Վլասի թաղման պատմության հետ, այդպես ենք համարում։ Մեծ է հավանականությունը, որ այս պարիսպը նույնպես հռոմեական պարսպի մաս էր կազմում։ Հռոմեական պարսպի մասին լուրջ տվյալներ չունենք, միայն այն գիտենք, որ Հուստինիանոս կայսրը 527-562 թթ․ վերանորոգել է պարիսպները։ Բյուզանդա-հռոմեական բնակավայրի գտնվելու վայրի մասին փաստեր չունենք։ Սակայն կարելի է կարծել, որ այս պատի պատճառով բնակավայրն այս կողմում է եղել»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net