Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության` օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ներառված է Մարտունիում և Մխչյանում «Գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՓԲԸ-ները լուծարելու մասին հարցը: Տեղեկանք-հիմնավորմամբ մինչև մասնավորեցման գործընթացը սկսելը ընկերությունները հիմնականում զբաղվել են ինչպես տնտեսություններում տոհմային գործի կազմակերպման, արհեստական սերմնավորման իրականացման, այնպես էլ բարձրարժեք արտադրող ցուլերից ստացված սերմնահեղուկի բանկի պահպանության աշխատանքներով:
Տարիների ընթացքում համապատասխան վերանորոգման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, ներկայումս ընկերություններին պատկանող շենքերն ու շինությունները գտնվում են անմխիթար վիճակում և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, իսկ առանձին կառույցներ քանդված վիճակում են: Բարոյապես մաշված վիճակում են գտնվում նաև եղած սարքավորումներն ու գործիքները, որոնք ձեռք են բերվել դեռևս խորհրդային տարիներին: Գույքի մեծ մասը ժամկետանց է, պիտանի չէ հետագա օգտագործման համար: Հատկապես վատ վիճակում են գտնվում կենսապահեստարանները (500լ տարողության դյուարի անոթները), որտեղ պահպանվում են սերմնահեղուկի բանկերը:
Կենսապահեստարանների տեխնիկական անբավարար վիճակի պատճառով տեղի է ունենում հեղուկ ազոտի կորուստ, որի հետևանքով կատարվում են լրացուցիչ ծախսեր: Հանրապետությունում արհեստական սերմնավորման գործի վերսկսումից հետո ընկերությունները «Արհեստական սերմնավորման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում մինչև 2009 թվականն իրականացրել են կովերի արհեստական սերմնավորման և խորը սառեցված սերմնահեղուկի բանկի պահպանման ծառայություններ, սակայն, սկսած 2009 թվականից մինչ օրս ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ծրագրից հանվել են կովերի արհեստական սերմնավորման ծառայությունները, թողնվել է միայն խորը սառեցված սերմնահեղուկի պահպանությունը: Այդ է պատճառը, որ ընկերությունները սկսած 2009 թվականից ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին հիմնականում իրականացնում են միայն խորը սառեցված սերմնահեղուկի բանկի պահպանության ծառայություն:
Նկատի ունենալով, որ ընկերությունների գործունեության բարելավման նպատակով պահանջվում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերությունները հնարավորություն չունեն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում իրականացնել տոհմասելեկցիոն աշխատանքներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դրանց լուծարումը գտնում է նպատակահարմար: